«Պարկեր» քառյակը Երևանում է՝ մասնակցելու միջազգային երաժշտական փառատոնին

«Ծանոթացել ենք Հայաստանի հնագույն ժառանգությանն ու անչափ տպավորված ենք»
parker-quatret

Գրեմմիի մրցանակակիր «Պարկեր» քառյակը երևանյան համերգին կատարելու է Մոցարտի, Յանաչեկի և Դվորժակի հանրահայտ ստեղծագործությունները:

«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում  խմբի համերգը տեղի կունենա մայիսի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Քառյակի անդամներն արդեն Հայաստանում են և հասցրել են շրջել մեր երկրի տեսարժան վայրերով, ծանոթացել են հայկական խոհանոցին: Այս մասին մայիսի 27-ին լրագրողերի հետ զրույցում հայտնեց «Պարկեր» քառյակի ջութակահար Ջեսիկա Բոդները:

«ԱՄՆ-ում շատ են հայերը. միշտ ցանկություն եմ ունեցել լինել նրանց երկրում: Վերջապես այդ հնարավորությունն ընձեռվեց: Ծանոթացել ենք Հայաստանի հնագույն ժառանգությանն ու անչափ տպավորված ենք: Ընդգծեմ, որ մեզ շատ ջերմ են ընդունել ամենուր»,- նշեց երաժիշտը:

Խմբի անդամները նշեցին, որ հայ կոմպոզիտորներից ծանոթ են Տիգրան Մանսուրյանի գործերին:

«Պարկեր» քառյակը հիմնադրվել է 2002 թվականին:

Քառյակը վերջերս համագործակցում է հայտնի ալտահար Քիմ Քաշքաշյանի հետ, ում հետ էլ այս համերգաշրջանի ընթացքում մի քանի ձայնագրություն կթողարկի։ Նրանք նաև հանդիսանում են հայազգի երաժշտի «Երաժշտությունը սննդի համար» նախագծի խոշոր աջակիցը ԱՄՆ-ում՝ հանդես գալով մի շարք համերգներով՝ ի նպաստ սննդի կարիք ունեցող անապահով մարդկանց։

*

*