«Եվա» ֆիլմը կներկայացվի «Օսկար» մրցանակաբաշխությանը

Հայալեզու ֆիլմը հանդիսանում է Հայաստանի և Իրանի համատեղ արտադրություն:
yeva-film

Հայկական ազգային կինոկադեմիան Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար այս տարի հայկական կողմից կներկայացնի կինոռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» դրաման:

Հայալեզու ֆիլմը հանդիսանում է  Հայաստանի և Իրանի համատեղ արտադրություն: Ինչպես տեղեկացնում են Հայկական ազգային կինոակադեմիայից, կինոնկարը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» և «Ֆարաբի կինոյի հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ:

Կինոնկարը դրամատիկ պատմություն է մի կնոջ մասին, ով ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կյանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը։ Եվան դստեր հետ հեռանում է Երևանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն անցյալը ամենուր հետապնդում է նրան:

Կինոնկարում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Շանթ Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսյանը, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էլենա Ադամյանը, Մարատ Դավթյանը և ուրիշներ։

*

*