Օպերային թատրոնի տնօրենի պարտականությունները առժամանակ կկատարի փոխտնօրենը

Օպերայի եւ բալետի թատրոնի աշխատակիցները գոհ են վարչապետի հետ հանդիպումից

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մի խումբ աշխատակիցներ ՀՀ վարչապետի հետ հանդիպումից գոհ են: Նրանք հանդիպմանը ներկայացրել են իրենց անհամաձայնությունը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պաշտոնից Կոնստանտին Օրբելյանին ազատելու մասին որոշման վերաբերյալ:

«Այս պահին հանդիպումից գոհ ենք: Եկանք համաձայնության, որ թատրոնի տնօրենի պարտականությունները ժամանակավոր դրվեն փոխտնօրենի վրա: Երաշխավորվեց, որ որևէ մեկը չի գա դրսից մեզ տնօրեն: Մեր էլեկտրոնային հասցեներին կուղարկվեն նախարարության որոշման հիմնավորումները, մենք էլ գրավոր պետք է ներկայացնենք մեր հակափաստարկները: Խոսվեց այն մասին, որ եթե պարզվի, որ նախարարության որոշման վերաբերյալ կետերից թեկուզ մեկը կեղծ է, ապա դրա պատասխանատուն անմիջապես կազատվի աշխատանքից»,-ասաց դիրիժոր Հարություն Արզումանյանը:

Կառավարության շենքից դուրս եկած թատրոնի աշխատակիցները նշեցին, որ ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը ներկա չէր ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից:

*

*