Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվը չի ցանկանում տեսնել Նազենի Ղարիբյանին նոր պաշտոնում

...մայիսի 27-ին, ժամը՝ 14:00-ին, տեղի կունենա աշխատանքային կոլեկտիվի ժողով
opera

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվը հայտարարություն է տարածել.

«Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 27-ին, ժամը՝ 14:00-ին, տեղի կունենա աշխատանքային կոլեկտիվի ժողով, որին հրավիրվում են Թատրոնի կառավարման խորհրդի անդամները:

Ինչպես հայտնի է ս. թ. մայիսի 22-ին կայացել է «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի հերթական նիստը՝ թատրոնի կառավարման խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության օրակարգով: Տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքների վերաբերյալ Թատրոնի կոլեկտիվը միանգամայն հիմնավոր և արդարացի անհամաձայնություն ունի: Ժողովին հրավիրվում են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները: Լրագրողների մուտքը Օպերային թատրոնի ծառայողական անցակետից»,-ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ երեկ Նազենի Ղարիբյանն ընտրվել էր Օպերայի և բալետի թատրոնի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի։

*

*