Նարինե Թուխիկյանը պարզաբանում է

«Մենք ամեն տարվա վերջին հաջորդ տարվա ծրագիրը ներկայացնում ենք Մշակույթի նախարարություն՝ սուբսիդավորման համար»:
cucahandes-xavarum

Մենք ամեն տարվա վերջին հաջորդ տարվա ծրագիրը ներկայացնում ենք Մշակույթի նախարարություն՝ սուբսիդավորման համար: 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ին ներկայացրել ենք 2017թ.-ի ծրագիրը, որտեղ ներառված է եղել նաև «Թումանյանի զավակների ճակատագիրը» խորագրով բացօթյա ցուցահանդեսը, որի անվանումը հետագայում փոխվել-դարձել է «Խավարում»:

Այս մասին yerkirmedia.am կայքի հարցին ի պատասխան, թե արդյոք ՀՀ մշակույթի նախարարություն բացօթյա ցուցահանդես կազմակերպելու համար նախապես ծրագիր ներկայացվել է, նշեց Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:

Ըստ նրա՝ մինչ  «Խավարում» ցուցահանդեսի կազմակերպումը իրենք նույն վայրում բացօթյա ևս երեք ցուցահանդեսներ ունեցել են, սակայն որևէ խնդիր չի եղել. «Մենք ուրիշի տարածքում, ուրիշի բակում չենք կազմակերպել, որ հատուկ թույլտվություն վերցնենք: Երբևէ նման խնդիր չի եղել»:

Տեղեկացնենք, որ Հայաստանի մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, «Ազատության» խնդրանքով պարզաբանելով Թումանյանի տուն-թանգարանի նախաձեռնած՝ բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագիրը կրող ցուցահանդեսի փակումը, նշել էր, թե այն «քաղաքականացված էր»:

«Մենք պետք է պատմությանը պարզ երեսով նայենք, այն մի փոքր քաղաքականացված էր: Երևի պետք էր հասարակությանը մի փոքր նախապատրաստել: Որոշ շտկումներից հետո այն կվերաբացվի»,- ասել է փոխնախարարը:

Պատրաստեց՝

Հրաչուհի Ալմաստյանը

*

*