Մեծամորում գտնված ագաթե եւ ոսկե ուլունքներով վզնոցն ուղարկվել է Մյունխեն

Մեծամորի դամբարանից 2016 թվականին պեղվել են 22 ոսկե եւ 1000-ից ավելի անագե ուլունքահատիկներ:

Մեծամորի հնավայրի սենյակներից մեկում անցած տարի պեղված մ.թ.ա. 13-11-րդ դարերին պատկանող ագաթե եւ ոսկե ուլունքահատիկներով վզնոցն ուղարկվել է Մյունխեն` մանրամասն հետազոտության:

Այս մասին լրագրողների հետ հանդիմանն ասաց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-իգիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը՝ հույս հայտնելով, որ առայժմ մաքրման փուլում գտնվող գտածոն եւս կլրացնի Մեծամորի թանգարանի ցուցադրությունը:

«Մեծամորի դամբարանից 2016 թվականին պեղվել են 22 ոսկե եւ 1000-ից ավելի անագե ուլունքահատիկներ: Սա եզակի հետաքրքիր նյութ է, քանի որ Հայկական լեռնաշխարհում անագ չկա: Ըստ ամենայնի, այն բերել են դրսից` կա´մ արեւելյան, կա´մ արեւմտյան ճանապարհով»,- ասաց Փիլիպոսյանը:

Մեծամորի հնագիտական պեղումների հիմնական փուլը սկսվել է 2013 թվականին, երբ պայմանագիր է կնքվել Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի հետ՝ համատեղ աշխատանքներ իրականացնելու նպատակով: Այն  մշակույթի յուրահատուկ հուշարձաններից է: 1965 թ. մինչև այժմ Մեծամորում պարբերաբար պեղումներ են կատարվում: Պեղված մշակութային շերտերը վերաբերում են բրոնզի և երկաթի պարբերաշրջաններին:

Պեղված նյութերը վկայում են, որ բրոնզի պարբերաշրջանում (մ.թ.ա. IV-II հազ.) Մեծամորը մշակույթի ծաղկուն կենտրոն էր: Լավ պահպանվել է պղնձաձուլարանի ամբողջ համակարգը` հալոցը և հնոցները, որոնք կառուցվել են ժայռերի մեջ: Գիտնականները պարզել են, որ Մեծամորը խոշոր բնակատեղի է եղել, որը զբաղեցրել է 10,5 հա տարածք, ունեցել կիկլոպյան պարսպով շրջապատված միջնաբերդ, զիկուրատ՝ «աստղադիտարան»:

Վաղ երկաթի շրջափուլում (մ.թ.ա. XI-IX դդ.) Մեծամորը քաղաք էր: Միջնաբերդը, «աստղադիտարանը» և բնակելի թաղամասերը զբաղեցնում էին մոտ 100 հա տարածք: Ամրոցում կենտրոնացվել են պալատական շինությունները, տաճարական համալիրը` յոթ սրբատեղիներով, և արտադրական համալիրները: Միջնաբերդից 0,5 կմ հյուսիս-արևելք տարածվող դամբարանադաշտում պեղվել են կարմիր տուֆակերտ կրոմլեխներով օղակված հսկայածավալ դամբարաններ: Այստեղ թաղվել են ցեղերի առաջնորդները, նրանց պատվին զոհաբերվել և թաղվել են նաև բազմաթիվ նժույգներ, խոշոր և մանր եղջերավոր անասուններ, շներ և նույնիսկ` ծառաներ ու ստրուկներ: Դամբարաններում թաղված առարկաներից ուշագրավ են ջնարակված կավամանները, քանդականախշ փայտե զարդատուփերը, ոսկուց, արծաթից և կիսաթանկարժեք քարերից, մածուկից պատրաստված պերճանքի առարկաները:

*

*