Նախագահն ընդունել է աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովին

Փառատոնի շրջանակներում հայ հանդիսատեսին հնարավորություն է տրվում վայելելու վիրտուոզ ջութակահար, դիրիժոր Մաքսիմ Վենգերովի բարձր արվեստը...
vengerov-nakhagah

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 12-ին ընդունել է աշխարհահռչակ ջութակահար, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր Մաքսիմ Վենգերովին, ով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում հուլիսի 4-12-ն անցկացվող «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնի գալա համերգին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով անվանի մշակութային գործչին Հայաստանում՝  նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ փառատոնի շրջանակներում  հայ հանդիսատեսին հնարավորություն է տրվում վայելելու վիրտուոզ ջութակահար, դիրիժոր Մաքսիմ Վենգերովի բարձր արվեստը, հիանալու նրա տաղանդով և կրկին զգալու հայ ժողովրդի նկատմամբ մաեստրոյի ջերմ վերաբերմունքը:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ինչպես Մաքսիմ Վենգերովի, այնպես էլ մինչ այժմ Հայաստան ժամանած բազմաթիվ հեղինակավոր երաժիշտների մեծ ներդրումը երիտասարդության շրջանում երաժշտական կրթության գործում և շնորհակալություն հայտնել հայ երիտասարդ կատարողներին իրենց օրինակով ոգեշնչելու, նրանց համար վարպետության դասեր անցկացնելու համար:

*

*