Մատենադարանում բացվել է «Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից» խորագրով ցուցահանդեսը

Բացմանը մասնակցել է նախագահ Արմեն Սարգսյանը
armen-sargsyan-matenadaran

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամում մասնակցել է «Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությանը։ Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Մեդիչիների Լավրենտյան գրադարանում պահպանվող 14 հայերեն ձեռագրերից երեքը՝ 13-րդ դարի Կիլիկյան Հայաստանի Քահանաօրհնեքի գիրքը, 14-րդ դարի Սաղմոսարանն ու Պատարագամատույցը մինչև տարեվերջ ներկայացվելու են Մատենադարանի այցելուներին։

Ինտերակտիվ մուլտիմեդիա համակարգով հնարավոր է դիտել նաև ձեռագրերի թվային էջերը։ Բացմանը ներկա են եղել նաև Իտալիայի Ազգային հետազոտական խորհրդի նախագահ Մասիմո Ինգուշիոն, Իտալիայում IBM ընկերության ինովացիաների և տեխնոլոգիաների հարցերով տնօրեն Ֆաբրիցիո Ռենզին, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն:

Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ հայկական երեք ձեռագրերը, որոնք դարեր շարունակ պահպանվել են Հայաստանից դուրս, հիմա վերադարձել են տուն։ «Բայց նրանց տունը ոչ միայն Հայաստանն է ու մեր Մատենադարանը, այլև Իտալիան է՝ Մեդիչիների հրաշալի գրադարանը: Այս հնագույն ձեռագրերը վկայում են Հայաստանի ու Իտալիայի միջև դարեր շարունակ ձևավորված բարեկամական հարաբերությունների մասին»,-ընդգծել է նա:

*

*