«Մանկական Եվրատեսիլ-2018» միջազգային մրցույթում Հայաստանը իններորդն է

Հաղթեց Լեհաստանը ներկայացնող Ռոքսանա Վեգիլը «Anyone i want to be» երգով:
evratesil-levon

«Մանկական Եվրատեսիլ-2018» երգի միջազգային մրցույթում, որն  անցկացվեց նոյեմբերի 25-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, հաղթեց Լեհաստանը ներկայացնող Ռոքսանա Վեգիլը «Anyone i want to be» երգով:

Մրցույթի հայաստանյան մասնակիցը՝ Լևոնը, ներկայացավ Արտեմ Վալտերի հեղինակած «L.E.V.O.N» երգով՝ ժյուրիի և առցանց քվեարկության արդյունքում զբաղեցնելով իններորդ հորիզոնականը:

Նախորդ տարվանից  միջազգային մրցույթի քվեարկության կարգում կարևոր փոփոխություններ էին տեղի ունեցել: Ըստ նոր կարգի՝ մասնակից երկիրն առցանց քվեարկության միջոցով կարող էր քվեարկել նաև իր պատվիրակի օգտին: Քվեարկությունը մեկնարկել էր նոյեմբերի 23-ից jesc.tv կայքում, որտեղ հնարավոր էր դիտել բոլոր  մասնակիցների ելույթների նախնական տարբերակները: Հեռուստադիտողը ելույթը դիտելուց հետո հնարավորություն ուներ միաժամանակ քվեարկել 3, 4 կամ 5 մասնակցի օգտին:

Քվեարկությունն ավարտվեց նոյեմբերի 25-ին` մրցույթի օրը` անմիջապես շոուից առաջ: Այն վերսկսվեց մրցույթի ընթացքում բոլոր ելույթներից հետո: Տվյալ քվեարկությունը տևեց 15 րոպե: Հեռուստադիտողի քվեն վերածվեց միավորների՝ դառնալով մրցույթի արդյունքի մի մասը, մյուս մասը ձևավորվեց ժյուրիի գնահատականի հիման վրա:

Ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը Ուկրաինայից, Ալբանիայից,  Իտալիայից  ստացավ 3-ական միավորներ, Պորտուգալիայից, Նիդերլանդներից, Ավստրալիայից՝ 6-ական միավորներ, Բելառուսը մեզ 5 միավոր տվեց, Իսրայելը և Լեհաստանը՝ 4-ական միավորներ, Ֆրանսիայից Հայաստանը 8 միավոր ստացավ, Մալթայից՝ 7: Հայաստանն իր 12 միավորը տվեց Բելառուսին:

Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Հայաստանը վաստակեց 70 միավոր: Ընդհանուր առմամբ մեր մասնակիցը 125 միավոր ստացավ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները