Լուսանկարիչները ցուցահանդեսում ներկայացրել են արտագաղթողների 50 պատմություն

Լուսանկարներին կից տրված տեղեկությունից էլ այցելուները կարող են ծանոթանալ հերոսների պատմություններին։

Հայաստանից արտագաղթում են, եւ դա նորություն չէ։ Դրա ծավալներն անգամ մտահոգիչ են, սակայն օրերս Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում բացված «Միգրացիայի ուղիները» ցուցահանդեսում ներկայացված մարդկային պատմությունները խոսում են այն մարդկանց մասին, որ արտագաղթողներից շատերը վերադարձել են հայրենիք։ Նմանօրինակ պատմությունների հերոսներին հավերժացրել են լուսանկարիչներ Վիգեն Մնոյանը եւ Գերման Ավագյանը: Ի դեպ, լուսանկարիչները նույնպես երկար տարիներ աշխատել են դրսում, բայց նախընտրել են վերադառնալ հայրենիք։

Արտագաղթողներ, փախստականներ, աշխատանքային միգրանտներ՝ թվում է սովորական բառեր են, սակայն ամեն մի բառի հետեւում մարդկային պատմություններ են։ Հայաստանի համար նույնպես խորթ չեն այդ երեւույթները։ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կողմից կազմակերպված «Միգրացիայի ուղիներ» խորագիրը կրող ցուցահանդեսում Վիգեն Մնոյանի եւ Գերման Ավագյանի 50 մարդկային պատմությունների հերոսներն են։ Անսովոր ճակատագրերի կրողները՝ հայրենադարձներ, սիրիահայեր, փախստականներ, աշխատանքային միգրանտներ: Ի դեպ, լուսանկարիչներն անգամ կատակել են, որ կարող էին եւ միմյանց նկարել։ Երկուսն էր երկար տարիներ ապրել են հայրենիքից հեռու։ 

«Մի պահ նույնիսկ մտածեցինք, որ մեր լուսանկարներն էլ կարելի էր ներառել այս ցուցահանդեսի մեջ, բայց չարեցինք, թեև կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ որոշեինք ու անեինք: Գնում էինք մարդկանց հետ զրուցում, ոչ թե միայն լուսանկարում ու գալիս»,- ասում է Վիգեն Մնոյանը

Լուսանկարիչ Գերման Ավագյանի խոսքով, կարելի էր Երեւանից հեռու չգնալ եւ հենց տեղում գտնել 100-ավոր մարդկանց, ովքեր արտագաղթել են ու կրկին վերադարձել հայրենիք։ Բայց խնդիր են դրել՝ մարդկային պատմություններ ներկայացնել Հայաստանի բոլոր մարզերից:

«Այնուամենայնիվ, որոշեցինք Գյումրից մինչեւ Կապան շրջել եւ մարդկային պատմություններ գտնել»,-ասում է Գերման Ավագյանը:

Հավելում է, որ շատ քիչ հայերի է հաջողվել խուսափել աշխատանքային միգրանտի կարգավիճակից, չեն փորձել գնալ մեկ այլ տեղ, ուժերը փորձել օտար երկրում, բայց հետո հասկացել են, որ Հայաստանից լավ տեղ չկա, ու հետ են վերադարձել։

«Ես էլ եմ միգրանտ եղել, ու ընդհանրապես Հայաստանում շատ քիչ թվով մարդիկ կգտնեք, որ չեն փորձել գնալ մեկ այլ տեղ, ուժերը փորձել օտար երկրում, բայց հետո հասկացել ենք, որ Հայաստանից լավ տեղ չկա, ու հետ ենք վերադարձել մեր Հայրենիք։ Միացյալ նահանգներում էի ապրում, ես էլ կարող էի մնալ դրսում ու աշխատել մեծ փողեր, ճիշտ է՝ ոչ իմ մասնագիտությամբ, բայց համենայն դեպս»,-պատմում է նա։

Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան ներկայացուցիչ Կարել Հովսթրանը, ով Հոլանդիայից է, ասում է, թե իր երկրում էլ կա միգրացիա։ Մարդիկ դուրս են գալիս, հետո վերադառնում հայրենիք նոր հմտություններով, նոր մասնագիտություններով եւ փորձում են աշխատել:

«Միգրացիան վատ բան չէ, թեեւ Հայաստանում, ցավոք սրտի, այս երեւույթը շատ անգամ ընկալվում է՝ որպես բացասական երեւույթ: Անշուշտ, ցանկալի է, որ Հայաստանի տնտեսական վիճակը բարելավվի, և մարդիկ չհեռանան իրենց երկրից ու հայրենիքից, բայց եթե անգամ ամեն բան իդեալական լիներ այս երկրում, միևնույն է, միգրացիա երեւույթն անխուսափելիորեն առկա էր լինելու»,-նշում է իգրացիայի քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան ներկայացուցիչ Կարել Հովսթրանը:

Լուսանկարներին կից տրված տեղեկությունից էլ այցելուները կարող են ծանոթանալ փոքրիկ պատմություններին։ Այդ պատմությունները ցուցահանդեսի բացմանը պատմել են հենց լուսանկարների հերոսները։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները