Լեհական, գերմանական և ֆրանսիական ֆիլմերի ցուցադրության օրեր՝ «Ոսկե ծիրան»-ում

Փառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 9-16-ը:
voske-ciran-asulis

«Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնում ցուցադրվելու են ֆրանսիական, գերմանական, լեհական, բրազիլական, ռուսական լավագույն կինոնկարները: Փառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 9-16-ը: Ներկայացվող ֆիլմերի մասին հուլիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին կինոփառատոնի կազմակերպիչներն ու դեսպանությունների ներկայացուցիչները:

«Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանատների հետ համագործակցությունը բարի ավանդույթ է դարձել, քանի որ այդ երկրներն ունեն բարձր կինոարվեստ: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում եվրոպական կինոյին ու փորձում փառատոնի ընթացքում ցուցադրել նրանց լավագույն ժապավենները»,-  նշեց փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը:

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի խոսքով` փառատոնի շրջանակում հուլիսի 13-ը գերմանական ֆիլմերի ցուցադրության օր է հայտարարվել:

Փառատոնի տարբեր ծրագրերում վեց գերմանական ֆիլմեր են ներկայացված: Իսկ Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրում ներառված Վալեսկա Գրիզեբախի «Վեսթերն»-ը ընդգրկված է «Ոսկե ծիրան»-ի հիմնական մրցութային ծրագրում:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի խորհրդական Ալեքս Բորտոլանն ասաց, որ տարբեր տարիների փառատոնի շրջանակում ֆրանսիական հիանալի կինոժապավեններ են ցուցադրվել:

Փառատոնի մրցութային և արտամրցութային ծրագրում այս տարի ներկայացված է 10 ֆիլմ: «Երևանյան պրեմիերաներ»-ի շրջանակում կցուցադրվի Ֆրանսուա Օզոնի «Երկդիմի սիրեկանը» ժապավենը:

Փառատոնում կցուցադրվեն նաև բրազիլական արտադրության «Հավանայի կատուն» և «Արաբիա» կինոնկարները:

«Ոսկե ծիրան»-ը կհյուրընկալի հայտնի ռուս կինոքննադատներ Կիրիլ Ռազլոգովին, Անտոն Դոլինին: Տեղի կունենան նաև Տատյանա Դանիելյանցի «Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին», Օլգա Վերեմեևայի և Ելենա Դեմիդովայի «Քամու հպումը» ֆիլմերի երևանյան պրեմիերաները:

*

*