Տեղի ունեցավ «Լավ էլի» հայկական ալտերնատիվ ռոք խմբի համերգը

Խումբը հեռանկարում բազմաթիվ նոր ծրագրեր ունի:
lav-eli

Կանանց միամսյակի կապակցությամբ մարտի 11-ին` Երևանի պետական համալսարանում, տեղի ունեցավ երկար տարիներ երաժշտական գործունեություն ծավալող «Լավ էլի» հայկական ալտերնատիվ ռոք խմբի համերգը:

«Մայրության և գեղեցկության, կանանց միջազգային տոների առթիվ ԵՊՀ ուսանողական խորհրդի կազմում գործող մշակույթի հանձնաժողովը  որոշեց  սիրված և ճանաչված խմբերի համերգներ կազմակերպել: Ամսվա ընթացքում ելույթներով հանդես կգան երաժշտական տարբեր ժանրերում ստեղծագործող խմբեր, որոնք մասսայականություն են վայելում»,- նշեց  ԵՊՀ-ի ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովի  փոխնախագահ Գայանե Ավդալյանը:

Նրա խոսքով` «Լավ էլի» խումբը յուրահատուկ է, ունի բովանդակալից ու հետաքրքիր երգացանկ, որը հետաքրքրում է ինչպես ուսանողներին, այնպես էլ այլ երաժշտասերների:

Խմբի վոկալիստ և կիթառահար Մհեր Մանուկյանն ասաց, որ սիրով են համաձայնվել մասնակցել այս նախաձեռնությանը:

«Ներկայացնելու ենք ինչպես հայտնի ու սիրված ստեղծագործություններ, այնպես էլ այս լսարանին անծանոթ գործեր»,-ասաց երգիչը:

Մհեր Մանուկյանն ընդգծեց, որ «Լավ էլի» խումբը գործում է 90-ական թվականներից և իրենք չեն պատրաստվում դադարեցնել իրենց երաժշտական գործունեությունը:

Համերգին հնչեցին «Ճամփորդական երգ», «Երջանիկ արքայազնը», «Խոտերի կյանքից», «Անձրև, աշուն» և այլ ստեղծագործություններ:

Երգերի անունները լսելիս դահլիճում ներկա երիտասարդները մեծ ոգևորությամբ էին արձագանքում, երգում երաժիշտների հետ, և «Լավ էլի» խմբի կատարումներն ուղեկցում էին բուռն ծափահարություններով:

Խումբը հեռանկարում բազմաթիվ նոր ծրագրեր ունի: Երաժիշտները ելույթներ կունենան տարբեր բեմերում և կփորձեն ավարտին հասցնել իրենց հինգերորդ ձայնասկավառակը:

*

*