Տեղի ունեցավ «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի պրեմիերան

Կարեն Ղազարյանը պատմեց, թե ինչպես է հղացել հայ հասարակության շրջանում մեծ աղմուկ հանած կինոնկարի երկրորդ մասը:
kyanq-u-kriv

Հայկական բանակի 25-ամյակին ընդառաջ Երևանում տեղի ունեցավ «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի պրեմիերան: Հայկական զինված ուժերի կազմավորման 25-ամյակին նվիրված ֆիլմի պրեմիերային ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Լրագրողների հետ զրույցում ֆիլմի պրոդյուսեր Կարեն Ղազարյանը պատմեց, թե ինչպես է հղացել հայ հասարակության շրջանում մեծ աղմուկ հանած կինոնկարի երկրորդ մասը:

«Երբ մենք ավարտին էինք հասցնում ֆիլմի առաջին մասի նկարահանումները, պետք է ներկայացնեինք Շուշիի գրավումը: Մենք պայմանավորվածություն ունեինք, որ այդ կտորը նկարելու ենք հենց Շուշիում: Սակայն ապրիլի 2-ի առավոտյան, երբ մենք պետք է մեկնեինք Շուշի նկարահանումը կատարելու համար, մեզ հայտնեցին, որ չենք կարող, որովհետև պատերազմ է սկսվել: Մենք մի քանի օր անց նկարահանումների համար մեկ այլ վայր գտանք, նկարեցինք Շուշիի գրավումը և անմիջապես որոշում կայացրեցին նկարահանել ֆիլմի երկրորդ մասը, որը նվիրված կլինի ապրիլյան դեպքերին»,- ասաց Ղազարյանը:

Նա ընդգծեց, որ հենց սկզբից որոշել են, որ ֆիլմը նվիրված է լինելու բանակի 25-ամյակին: «Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի արագ ավարտենք նկարահանումները և այն հանրության դատին ներկայացնենք հունվարի 28-ին: Շատերը չեն հավատում, որ կհասցնենք, սակայն տեսնում եք, որ մենք հասցրել ենք և արդեն ձեր դատին ենք ներկայացնում այն»,- հավելեց ֆիլմի պրոդյուսերը:

*

*