Հայոց ցեղասպանության համար պատասխանատվություն չենթարկելը պատճառ եղավ նոր ցեղասպանությունների

Այս մասին Page Six-ի հետ զրույցում ասել է «Խոստումը» ֆիլմի գլխավոր դերակատար Քրիստիան Բեյլը:
qristian-beyl

Հայոց ցեղասպանության հարցում մեղավորներին պատասխանատվության չենթարկելը պատճառ դարձավ դրան հաջորդող տարիներին տեղի ունեցած նոր ցեղասպանությունների: Այս մասին Page Six-ի հետ զրույցում ասել է օսկարակիր դերասան, Հայոց ցեղասպանության մասին հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի գլխավոր դերակատար Քրիստիան Բեյլը:

«Այս ֆիլմն իր մեջ ինչ-որ կարևոր բան է պարունակում, ինչի պատճառով շատ մարդիկ փորձել են խափանել դրա նկարահանումը»,- «Խոստումը» ֆիլմի մասին ասել է Բեյլը:

Խոսելով Հայոց ցեղասպանության մասին` դերասանն ընդգծել է.

«Մեկ ու կես միլիոն մարդ սպանվեց ամենակատաղի ձևով,  ես ոչինչ չգիտեի դրա մասին: Դա անհավատալի կերպով տարօրինակ է: Սա ժամանակակից պատմություն է… Փաստը, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել և ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրել, դրանից հետո նոր ցեղասպանությունների պատճառ դարձավ»:

«Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա ապրիլի 21-ին: Հայաստանի կինոթատրոններում ֆիլմը կցուցադրվի ապրիլի 27-ից:

Համացանցում ֆիլմի պրոդյուսերները սկսել են #պահիրխոստումը (#keepthepromise) արշավը, որի միջոցով ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել երաժիշտ Էլթոն Ջոնը, դերասան Սիլվեստր Ստալոնեն, երգչուհի Շերը, Բարբարա Սթրեյզանդը, Քիմ Քարդաշյանը, Ալեքսիս Օհանյանը, թենիսիստ Անդրե Աղասին, դերասաններ Լեոնարդո ԴիԿապրիոն, Ռայան Գոսլինգը, Դին Քեյնը և Օուեն Ուիլսոնը, բասկետբոլիստ Լուոլ Դենգը և այլոք:

 

*

*