2016 թվականը նշանավորվեց նաեւ կորուստներով

Մարդիկ, ովքեր այս տարի հեռացան կյանքից:
2016 թվականը նշանավոր էր ոչ միայն ձեռքբերումներով, այլ նաև կորուստներով, որոնք քիչ չէին:

Մարդիկ, ովքեր այս տարի հեռացան կյանքից

«Հարսնացուն Հյուսիսից», «Խոշոր շահում», «Երջանկության մեխանիկա», «Օտար խաղեր» ….Հայ կինոյի լավագույն էջերին կինոռեժիսոր, սցենարիստ Ներսես Հովհաննիսյանի ստորագրությունն է: Մի շարք ֆիլմերում նրա անունը նաեւ դերասանական կազմում է: Աշխատել է «Հայֆիլմ» եւ «Մոսֆիլմ» կինոստուդիաներում:
 
***
 
«Տժվժիկ»-ը Արման Մանարյանի առաջին քայլն էր կինոյում: Հետո հաջորդեցին «Ընկեր Փանջունին», «Տերն ու ծառան», «Կարինեն», «Հեղնար աղբյուրը»: Նկարահանել է նաեւ մուլտֆիլմեր՝ «Պատմություն հայելու մասին», «Տգետը»: Հայկական առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմի՝ «Սասնա ծռերի» ռեժիսորն է:
 
***
 
Ռուբեն Հոսվեփյանը վստահ էր՝ մարդուն ամենաշատը ճշմարտություն է պետք, թեեւ դժվար է ասողի, նաեւ՝ լսողի համար: Նա բազմաթիվ պատմվածքների ու վիպակների հեղինակ է: Հովսեփյանի սցենարների հիման վրա են նկարահանվել «Հնձան», «Կարոտ», «Խնձորի այգին» ֆիլմերը: Թարգմանել է Մարկես, Տոլստոյ, Չեխով: «Խաչատուր Աբովյան» վեպը մնաց անավարտ:
 
****
 
 Սարուխանը վստահ էր՝ պոեզիան օգնում է, որ մարդն ինքնամաքրվի: Գրել է բանաստեղծական մի քանի ժողովածու, թարգմանվել է օտար լեզուներով, ինքն էլ բազմաթիվ թարգմանություններ ուներ:
 
****
 
Այս տարի հրաժեշտ տվեցինք արձակագիր Հրաչյա Մաթեւոսյանին: Նրա ակնարկները, պատմվածքներն ու հոդվածները տպագրվել են թերթերում, գրական հանդեսներում, հեղինակել է նաեւ մանկական գրքեր: Հրաչոն եղբայրն էր Հրանտ Մաթեւոսյանի: ****
 
39 տարին՝ Մատենադարանի հետ: Միջնադարյան մատենագրության գիտակ, նարեկացիագետ Հրաչյա Թմրազյանը 2007 թվականից ղեկավարում էր ձեռագրատունը: Թարգմանել է Եսենին, Մայակովկսի, Պաստեռնակ: Ինքը եւս ստեղծագործում էր:
 
***
 
Ունիվերսալ գիտելիքներ եւ անձնական բացառիկ հմայք. պատմաբան Պետրոս Հովհաննիսյանը եւ հոգեբան Էլդա Գրինը ուսանողների մի քանի սերնդի սիրված դասախոսներ էին: Աղբյուրագիտություն, պատմագիտություն, մատենագրություն. Պետրոս Հովհաննիսյանը դասավանդել է պետհամալսարանում եւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանում: Էլդա Գրինինը դատահոգեբանական փորձաքննության հիմնադիրն է: Գիտ-մանկավարժկան գործունեությանը զուգահեռ՝ ստեղծագործում էր:
 
***
 
Նա կոտրեց կարծրատիպը, թե Սայաթ-Նովայի տաղերի լավագույն կատարողները տղամարդիկ են: Ժողովուրդը սիրեց նրա կատարումները ու կարգեց «Հայ երգի թագուհի»: Ռադիոյի «Ոսկե ֆոնդում» պահպանվում են Օֆելյա Համբարձումյանի տասնյակ կատարումներ:
****
 
Գեղամ Գրիգորյանը 20-րդ դարի լավագույն տենորներից է: Հայկական օպերայի բեմ նա բարձրացավ Դոնիցետտիի Էդգարի դերերգով: Հաջորդեցին Սարոյի, Սայաթ Նովայի, Ֆաուստի, Կոմս Ալմավիվայի արիաները: Գեղամ Գրիգորյանը երգել է աշխարհի խոշոր օպերային թատրոններում ու համերգասրահներում:
 
***
 
Մի ձեռքում խաչ, մյուսում՝ զենք: Տեր Գրիգորը 1989-ից մասնացել է արցախյան ազատամարտին, ուժ ու հավատ տվել մարտական ընկերներին: Մկրտում էր չմկրտված զինվորներին, սովորեցնում խաչակնքվել: 25 տարի ծառայել է Արցախի թեմում, Գանձասարի հոգեւոր հովիվն էր:
 
***
 
Տարեվերջին հրաժեշտ տվեցինք Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին: Նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել ոստիկանության համակարգում: Պարգեւատրվել է մեդալներով, հուշամեդալով: Ծանոթներն ու ճանաչողները ցավով ու ափսոսանքով հրաժշետ տվեցին նախարարին:
 
***
 
Ցավալիորեն, կորուստների այս շարքն ավելի երկար է: 2016-ն ամփոփում ենք առանց նրանց:

*

*