Կոմպոզիտորների միությունում «Տարվա լավագույն ստեղծագործություն» մրցանակաբաշխությունն էր

Նպատակը՝ ևս մեկ անգամ գնահատել կոմպոզիտորների լավագույն ստեղծագործությունները:

Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում՝ «Տարվա լավագույն ստեղծագործություն» մրցանակաբաշխությունն էր: Նպատակը՝ ևս մեկ անգամ գնահատել կոմպոզիտորների լավագույն ստեղծագործությունները: 2016 թվականի ընթացքում Հայաստանում և նրա սահմաններից դուրս հնչած ստեղծագործությունները ընգրկվել էին 3 անվանակարգերում՝ սիմֆոնիկ, կամերային, խմբերգային երաժշտություն։

Մրցանակաբաշխությունը ներառում էր նաև ևս մեկ անվանակարգ՝ երաժշտագիտություն, որում ընդգրկված էին ՀԿՄ անդամ երաժշտագետների՝ 2016 թվականին հրատարակած գիտական հոդվածները, տպագրած աշխատությունները և այլն։ Ժյուրիի կազմում ընգրկված էին ՀՀ ժողովրդական արտիստներ Տիգրան Մանսուրյանը, Մարտին Վարդազարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Ստեփան Ռոստոմյանը, Ալինա Փահլեվանյանը, ՀԿՄ արտասահմանյան հանձնախմբի համանախագահ Կոնստանտին Պետրոսյանը։

Ժյուրիի կայացրած որոշման համաձայն, երաժշտագիտություն անվանակարգում հաղթող է ճանաչվել Մարգարիտա Ռուխկյանը՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում լույս տեսած հոդվածների համար, խմբերգային երաժշտության ժանրում լավագույն ստեղծագործության կոչումը կիսել են Աննա Հակոբջանյանի և Գևորգ Հովհաննիսյանի ստեղծագործությունները, կամերային երաժշտության ժանրում հաղթող է ճանաչվել Աշոտ Զոհրաբյանի Լարային երրորդ կվարտետը, իսկ սիմֆոնիկ երաժշտության ժանրում՝ Վահրամ Բաբայանի Հինգերորդ սիմֆոնիան։

Բոլոր մրցանակակիրները պարգևատրվեցին անվանական հուշամեդալներով, անվանակարգերի հաղթողները ստացան նաև պատվոգրեր և դրամական պարգևներ։ Նշենք նաև, որ 2016 թվականին Կոմպոզիտորների միության նախագծերի կողքին լինելու և աջակցելու համար շնորհակալագրերով պարգևատրվեցին ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, մի շարք կառույցներ, ինչպես նաև «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Բարև երկիր» ծրագիրը:

Դիանա Գաբրիելյան

*

*