Կոմիտասին արժևորում են նաև չլսելով

Կոմիտասի ստեղծագործությունները ոչ բոլորի երաժշտական ներկապնակի կարևոր գույներից են
komitas

Նշում ենք հայ մեծանուն հանճարի՝ Կոմիտասի ծննդյան 148-ամյակը: Այն, որ Կոմիտասի ստեղծագործությունները, մշակումները գնահատվել, արժևորվել են բոլոր սերունդների կողմից, անհերքելի է: Այժմ էլ երիտասարդներից շատերը ճանաչում, սիրում, հպարտանում են Կոմիտասով, սակայն նրա ստեղծագործությունները ոչ բոլորի երաժշտական ներկապնակի կարևոր գույներից են:

«Սիրում եմ, բայց հաճախ չեմ լսում Կոմիտասի ստեղծագործությունները: Սիրում եմ նրա համար, որ մեր ժողովրդական երաժշտությունը փրկել, հասցրել  է մեր օրեր, միշտ էլ իմ ականջին հաճելի է եղել մեր էթնիկ երաժշտությունը»,ասում է միջազգայնագետ, 27-ամյա Արման Իսաջանյանը:

Կոմիտասի ստեղծագործական ժառանգությունը  գնահատում, արժևորում է նաև մասնագիտությամբ քաղաքագետ, 28-ամյա Դանիել Շահումյանը, սական նրա ամենօրյա ձայնադարանում Կոմիտասը չկա.

«Եթե անկեղծ` շատ ծանոթ չեմ նրա երաժշտությանը: Անսահման հարգում ու գնահատում եմ Կոմիտասի երաժշտական ժառանգությունը, բայց իմ ամենօրյա ձայնադարանում Կոմիտասի ստեղծագործությունները  չկան: Շատ տարբեր երաժշտություններ եմ լսում` կախված օրվա տրամադրությունից, տվյալ շրջանին հատուկ հոգեվիճակից»:

23-ամյա Լիպարիտ Ղազարյանն էլ Կոմիտաս հաճախ չի լսում. «Մոռանալ հայ մեծանուն հանճարին՝ անհնար է. նրա թողած հսկայական ժառանգությունը դեռ երկար կապրի: Իհարկե, լսում եմ Կոմիտաս, բայց ոչ հաճախ: Լսում եմ՝ անկախ տրամադրությունից: Կոմիտասի ստեղծագործություններից շատ եմ սիրում «Կռունկ»-ը»:

Ոմանց համար, սակայն  Կոմիտասը այժմ էլ հուշերի կերտման, լուսավոր մանկության բաղկացուցիչ մաս է կազմում.

«Կոմիտասն իմ լուսավոր մանկությունն է: Երբ փոքր էինք և դեռ տառերն էլ չգիտեինք, մեր առաջին ուսուցչուհին հին ձայնարկիչն էր  միացնում, ու Կոմիտասի ձայնը տարածվում էր դասասենյակով: Մենք արդեն սովորել և  փոքրիկ պատառիկներն էինք  երգում «Սոնա յա՜ր»-ից, «Կռունկ»-ից, «Ծաղիկ ունեմ բա՜ց ա»-ից, «Կաքավի՜կ»-ից: Փոքր հասակից ուսուցչուհիս մեզ կապեց տիեզերական երաժշտության ու բարության հետ: Երբ պարել սովորեցի, «Կոմիտասի շորոր» պարի ու երգի զուգակցումը, բնությունն ու ներդաշնակությունը տարերքս դարձան»,-ասում է լեզվաբան, 22-ամյա Էլիզա Գևորգյանը:

Մասնագիությամբ մշակութաբան 23-ամյա Վանիկ Եպիսկոպոսյանին էլ Կոմիտասը հոգևոր խաղաղությունն է բերում: Ասում է՝ հոգևոր պոռթկումների, խռովքի պահերին միշտ Կոմիտաս է լսում և նրա երաժշտության ընթացքի հետ խաղաղվում: Շատ է սիրում « Վիրավոր լորիկ», «Ալ այլուղս» ստեղծագործությունները:

Շատերը գիտեն, ճանաչում արժևորում են Կոմիտասին: Այս երիտասարդների կողքին քիչ չեն նաև նրանք, ում համար երաժշտությունն սկսվում և ավարտվում է միայն ռաբիսի հնչյուններով, Կոմիտասն էլ փողոց է, այգի, սրճարան: Ցավոք նրանք էլ շատ են, ովքեր չգիտեն մեզ հասած արժեքի գինը:

 

 

Հեղինակ՝

Հրաչուհի Ալմաստյան

*

*