Կայացել է «Կիլիկիա. Առյուծների երկիր» երեք պատմական ֆիլմ-ակնարկների փակ դիտումը

Ֆիլմ-ակնարկների մեծ պրեմիերան տեղի կունենա Հայաստանում
kilikia-aryucneri-erkir-film

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ «Մետրոպոլիս Էմփայեր Սոֆիլ» կինոթատրոնում, հուլիսի 17-ին մեծ շուքով կայացավ «Կիլիկիա. Առյուծների երկիր» երեք պատմական ֆիլմ-ակնարկների փակ դիտումը: Ցուցադրությանը և քննարկմանը ներկա էին Լիբանանի կառավարության անդամներ, պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, մտավորականներ, մշակույթի գործիչներ և ԶԼՄ-ներ։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Գաղափար-նախաձեռնությունը կյանքի է կոչվել «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի հիմնադիր՝ Խաչատուրյան ընտանիքի, մասնավորապես լիբանանահայ բարերար Հարութ Խաչատուրյանի աջակցությամբ:

Երեք ֆիլմ-ակնարկներն ամփոփ, գեղարվեստական մոտեցմամբ, հանդիսատեսին հաղորդակից են դարձնում Կիլիկիայի հզորագույն թագավորական դինաստիաների երեք հարյուրամյա պատմությանը:

Հարկ է նշել, որ ֆիլմ-ակնարկները նկարահանվել են հայաստանյան «Դոմինո Փրոդաքշն» ընկերության կողմից: Հագեցած լինելով պատմական ժանրին բնորոշ ֆիլմարտադրական նորարար լուծումներով՝ այս նախագիծը իր բնույթով առաջիններից է հայկական շուկայում։

Ֆիլմ-ակնարկներում առավելագույնս պահպանված է պատմական հավաստիությունը, սակայն թեմայի մատուցման գեղարվեստական և դրամատուրգիական մասն ապահովելու նպատակով կան պատմական դրվագներ, որոնք ներկայացվել են ռեժիսորի յուրահատուկ ստեղծագործ մոտեցմամբ: Դերասանական կազմն ընտրելիս առաջնային պայման է եղել ոչ թե հայտնի դերասանների մասնակցությունը, այլ պրոֆեսիոնալ և խարիզմատիկ կերպարների ներգրավումը։ Ֆիլմ-ակնարկները նկարահանելիս, ստեղծագործական թիմը օգտվել է արխիվներում եղած պատմական նյութերից,  համագործակցել պատմաբանի հետ։

Ձևավորվելով մի ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը չուներ պետականություն, Միջերկրական ծովի ափին՝ Կիլիկիայի հողում, ստեղծվեց նոր հայկական իշխանապետություն, որն իր երեքդարյա պատմության ընթացքում կարողացավ պահպանել իր անկախությունը և հիմնել հզոր թագավորություն։

Առաջին ֆիլմ-ակնարկը ներկայացնում է Կիլիկիայի պատմությունը՝ հիմնադրման օրվանից մինչև ամենաազդեցիկ թագավորներից մեկի` Ռուբինյանների տոհմից սերող Լևոն Մեծագործի գահակալումը:

Երկրորդ ֆիլմ-ակնարկը արտացոլում է 13-րդ դարի իրադարձությունները, Լևոն I թագավորի դուստր Զաբելի, նրա խնամակալ Կոնստանդին Պայլի և Զաբելի ամուսին՝ Հեթումյանների դինաստիայի հիմնադիր Կիլիկիո թագավոր Հեթումի կերպարները, տիրող պալատական բարքերն ու խարդավանքները։

Երրորդ՝ 1219-1375 թթ․ պատմությունը ներկայացնում է Լևոն III-ի գահակալման տարիները,  չորս  կողմից կեղեքվող Կիլիկիան և վերջին թագավոր Լևոն V Լուսինյանին, ում հուղարկավորությամբ էլ ավարտվում է ֆիլմ-ակնարկը։

Մոտ ապագայում ֆիլմ-ակնարկների մեծ պրեմիերան տեղի կունենա Հայաստանում։

*

*