Հաճելին՝ օգտակարի հետ․ «Կայթ» նվագախումբը գեղեցիկ երեկո է խոստանում

Համերգը սովորական չէ, քանի որ ողջ հասույթն ուղղվելու է Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր համայնքին։
kayt (2)

Հայկական ֆոլկլորային երաժշտության սիրահարներին «Կայթ» նվագախումբը գեղեցիկ երեկո է խոստանում դեկտեմբերի 21-ին. համերգ է տեղի ունենալու Կոմիտասի թանգարան-ինստիտուտում (ժամը 19:30-ին): Բայց համերգը սովորական չէ, քանի որ ողջ հասույթն ուղղվելու է Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր համայնքի մշակութային ենթակառուցվածքների զարգացմանը։

«Մարզերում ապրող մեր համերկրացիները չպետք է անմասն մնան երեւանյան մշակութային անցուդարձից, եւ մենք ուզում ենք մեր թեկուզեւ փոքր ներդրումն ունենալ հատկապես սահմանամերձ գյուղերի բնակիչներին իրենց բնօրրանում պահելու և մայրաքաղաքից ռեսուրսների ու ենթակառուցվածքների ապակենտրոնացման գործում»,- մեզ հետ զրույցում նշեց «Կայթ» նվագախմբի եւ նույնանուն հիմնադրամի ղեկավար Կորյուն Դավթյանը՝ ընդգծելով, որ իրենց առաջնային առաքելություններից մեկը հենց մշակույթի բոլոր ճյուղերը մարզեր հասցնելն է:

Այս ուղղությամբ արդեն որոշակի քայլեր արված են՝ «Մշակութային սահման» խորագրի ներքո «Կայթ»-ն իրականացրել է արշավային դասընթացներ Արցախում եւ Լոռիում, հանդես է եկել համերգներով եւ պարուսուցման ծրագրով: «Նույն ծրագրի շրջանակում համերգային այցերով եղել ենք Կենտրոնական զինվորական հոսպիտալում եւ Հայաստանի մի քանի զորամասերում։ Առաջիկա համերգը եւս այս ծրագրի շրջանակում ենք իրականացնում»,- ասաց Կորյուն Դավթյանը՝ հավելելով, որ այժմ համապարփակ կրթական ձևաչափ են մշակում, որը մասնակիցներին հնարավորություն կտա գիտելիքների ձեռք բերել արվեստի տարբեր ոլորտներում, տիրապետել մի շարք ավանդական (և ոչ միայն) երգերի և պարերի, ունենալ հմտություններ ռիթմի և նախընտրելի երաժշտական գործիք նվագելու համար. «Հուսամ՝ շուտով ծրագիրը կհասցնենք ավարտին և կներկայացնենք հանրությանը»:

Կորյուն Դավթյանն ասում է՝ հաճելին կարելի է մեկտեղել օգտակարի հետ՝ լավ երաժշտություն լսել եւ նախամանորյա այս շրջանում փոքրիկ աջակցություն ցուցաբերել սահմանամերձ գյուղի բնակիչներին:

Համերգի տոմսերն արժեն 1000 դրամ:

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները