Ամանորյա մշակութային միջոցառում՝ սահմանամերձ գյուղում

Տեղի մանկապարտեզի և դպրոցի երեխաներն անակնկալ ելույթ էին պատրաստել․․․

«Կայթ» արվեստի զարգացման կրթամշակութային հիմնադրամը դեկտեմբերի 24-ին Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում էր: Տեղի մանկապարտեզի և դպրոցի երեխաներն անակնկալ ելույթ էին պատրաստել հյուրերի համար, որից հետո «Կայթ»-ի անդամները պարաուսուցում անցկացրին նրանց հետ:

«Կայթ»-ի՝ դպրոց մուտքը «Իշխանաց» պարով էր և կենդանի նվագակցությամբ: Երեխաները նույնպես համալրեցին պարողների շարքերը: Նրանք լավ ծանոթ էին հայկական ավանդական պարերին՝ շնորհիվ Մարիամ Մարիկյանի, ով տեղի դպրոցում է դասավանդում «Դասավանդիր, Հայաստան» ծրագրի շրջանակում: Հենց նրա նախաձեռնությամբ էր նաեւ, որ կայացավ նման հանդիպում:

«Կայթ» արվեստի զարգացման կրթամշակութային հիմնադրամը նաեւ ամանորյա նվերներ էր պատրաստել ներքինկարմիրաղբյուրցի երեխաների համար: Yerkirmedia.am-ն արդեն տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 21-ին «Կայթ» նվագախումը հանդես է եկել բարեգործական համերգով, որիվ գոյացած հասույթով էլ գնվել են նվերները (խաղալիքներ, մանկապատանեկան գրքեր, զարգացնող ձեռնարկներ):

Հանդիպման վերջում «Կայթ»-ը զրույց-հանդիպում է ունեցել ավագ դասարանի աշակերտների հետ, քննարկել են մասնագիտական կողմնորոշման, համայնքում մշակութային ենթակառուցվածքների խնդիրների ձևակերպման և դրանց լուծման ուղիներ գտնելու մասին հարցեր:

Դպրոցը «Կայթ»-ին պարգևատրեց պատվոգրով՝ համայնքում ազգային մշակույթը տարածելու համար:

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*