Հայաստանում մեկնարկում են «Ֆրանկոֆոնիայի օրերը» խորագրով մշակութային միջոցառումները

Կներկայացվեն ֆրանսերեն լեզուն և ֆրանկոֆոն մշակույթները...
jonatan-lakot-frankofonia

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին ընդառաջ, որը տեղի է ունենալու 2018 թվականի հոկտեմբեր ամսին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կանցկացնի «Ֆրանկոֆոնիայի օրերի ծրագիր»-ը: Այս մասին հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան ժոնաթան Լաքոտը:

Ծրագիրը կմեկնարկի մարտի 12-ին եւ կտեւի մինչեւ ապրիլի 12-ը՝ իր մեջ ներառելով նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը մարտի 20-ը:

Հայաստանում և ողջ աշխարհում կազմակերպվող միջոցառումներում կներկայացվեն ֆրանսերեն լեզուն և ֆրանկոֆոն մշակույթները՝ մշակութային և լեզվաբանական միջոցառումների միջոցով:

«Ֆրանկոֆոնիայի միամսյակը մեծ դեր ունի Հայաստանում ֆրանսերեն լեզվի դերի ամրապնդման հարցում.  լեզու, որով խոսում է շուրջ 274 միլիոն մարդ աշխարհում, որը համարվում է 3-րդ աշխատանքային լեզուն, համացանցի 4-րդ լեզուն, աշխարհում խոսվող 5-րդ լեզուն, եւ միակը՝ անգլերենի հետ միասին, որ գործածվում է 5 մայրցամաքներում»,- նշել է Ֆրանսիայի դեսպանը՝  տեղեկացնելով նաեւ, որ Ֆրանկոֆոնիայի միամսյակի ընթացքում ֆրանսիական մշակույթը կներկայացվի կինոյի, պատկերապատման, երաժշտության, թատրոնի և  խոհանոցի միջոցով:

«Ծրագիրը կմեկնարկի մարտի 12-ից 18-ը Մոսկվա կինոթատրոնում, Շվեյցարիայի դեսպանության և Կանադայի դեսպանության հետ համագործակցությամբ կազմակերպված Ֆրանկոֆոն ֆիլմերի 2-րդ փառատոնով։ Մարտի 19-ից 22-ը սպասվում է ֆրանսահայ շեֆ խոհարար և «Բոքյուս մագազին» հանդեսի գլխավոր խմբագիր Սոնյա Եզգյուլյանի և նկարազարդող և դիզայներ Գիյոմ Լոնի այցը։ Մյուս միջոցառումը « Et en plus je parle français…en Arménie ! » (Եվ բացի այդ՝ ես խոսում եմ ֆրանսերեն … Հայաստանում) տեսահոլովակի և բանավոր խոսքի մրցույթն է, որը կմեկնարկի  մարտի 20-ին»,-ասել է Ժոնաթան Լաքոտը:

*

*