Մալկովիչ. «Անհամբեր սպասել եմ այստեղ գալու, անելիքս անելու եւ սովորելիքս սովորելու համար»

Ջոն Մալկովիչը Հայաստանում է:

«Անհամբեր սպասել եմ այստեղ գալու, անելիքս անելու եւ սովորելիքս սովորելու համար»: Լրագրողների հետ զրույցում նման կերպ արձագանքեց անվանի դերասան Ջոն Մալկովիչն իր` Հայաստան այցի մասին հարցին:

Նշենք, որ Մալկովիչը Հայաստանում է` Արամ Խաչատրյանի անվան 5-րդ փառատոնի շրջանակում, որի բացման ժամանակ էլ` հոկտեմբերի 11-ին, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենա: Մալկովիչը կներկայացնի հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից` Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ։  Համերգը կղեկավարի Սերգեյ Սմբատյանը:

Նա նշեց, որ երաժշտությունը, որի ներքո պետք է հնչեն այս կամ այն գրական գործը, բավական դժվարությամբ է ինքն ընտրում: Ըստ դերասանի` երաժշտական մի գործը բազմաթիվ անգամներ է լսում` մինչև նրան զուգահեռ տեքստ համակցելը:

Հարցին, թե որքանով է ծանոթ Հայաստանին ու հայոց պատմությանը` Մալկովիչը պատասխանեց, որ շատ չէ, բայց ունի հայ ընկերներ, բացի դրանից, ճիշտ է, հայոց պատմության մասին հատուկ գրքեր չի կարդացել, բայց կարդացել է մի գիրք՝ «Կորուսյալներ»-ը, որտեղ խոսվում էր Զմյուռնայի մասին: «Գիտեմ նաև Ցեղասպանության մասին: Դե, ինչ կարելի է ասել այդ մասին… Ուղղակի զարմանալի է` ինչպիսի ահավոր քայլերի են ունակ մարդիկ»:

*

*