Լեւոն Մալխասյան. «Ջազը միշտ լսելի է»

Հայաստանյան ջազմեննների կարծիքով՝ ջազը կղզիացած ժանր է, այն մատչելի ու հասանելի չէ ինչպես ռոքը, դասականն ու էստրադան:

Հայ ջազասերներն ապրիլի 30-ին վայելեցին ջազային ամենամյա մեծ նվերը. արդեն 5 տարի Երեւանը նշում է Ջազի միջազգային օրը: Հայաստանյան ջազը միշտ էլ գտել է իր գնահատողին ու ընտրյալներին. այն Հայաստանում տարածում է գտել ավելի քան 70 տարի:

«Ջազը կյանք է». այսպես են ասել հազարավոր ջազասերներ, ավելին՝ բառը հենց թարգմանաբար այդ նշանակությունն ունի: Մեկի համար այն կյանք է, մյուսի համար ազատություն. յուրաքանչյուր ջազասեր իր ջազային աշխարհն ունի:

Ջազը ծնվեց Նոր Օռլեանի աղքատ թաղամասերում, հետո տիրեց Չիկագոն, Նյու Յորքը, ապա տարածվեց ամբողջ աշխարհով մեկ: Հայաստանում ջազն իր հեղինակությունն է վայելում դեռ 1930-ականներից ու միշտ պահում է իր պատվավոր տեղը երաժշտասերների շրջանում:

2011-ին UNESCON որոշեց ապրիլի 30-ը սահմանել Ջազի միջազգային օր, այն նշվում է հայտնի ջազմեն Դյուկ Էլինգթոնի ծննդյան օրը: Հայ ջազմենների կարծիքով՝ այս օրը նշելով, Երեւանն աշխարհում ձեռք է բերում ջազային քաղաքի իմիջ:

«60-ականներին էլ էր ջազը շատ հարգի եւ լսելի, 70-ականներին էլ, 80-ին էլ, հիմա էլ: Քանի որ ջազի թարգմանություններից մեկը կյանքն է, (այսինքն՝ փոփոխվող, չկրկնվող) ցանկացած նորույթ թե´ գործիքների մեջ, թե´ երաժշտական մտածելակերպի մեջ, դա է միայն փոխվել, բայց ջազը մնացել է անփոփոխ»,- ասել է հայտնի ջազմեն Լեւոն Մալխասյանը:

Հայաստանյան ջազմեննների կարծիքով՝ ջազը կղզիացած ժանր է, այն մատչելի ու հասանելի չէ ինչպես ռոքը, դասականն ու էստրադան: Ջազ սիրողն ակումբներում կգտնի իր երաժտությունն ու կգնա դրա հետեւից: Հայաստանում ջազն ակումբներից դուրս բերելու եւ մեծ բեմեր բարձրացնելու նպատակով Ջազի հայկական ասոցիացիան պարբերաբար կազմակերպում է միջազգային փառատոններ ու համերգներ:

«Մեր կյանքում ջազը մի փոքր նվազել էր, եւ եթե դա այդպես չլիներ, Ջազի հայակական ասոցիացիայի ստեղծման նպատակ չէր լինի: Այն ստեղծվել է, որպեսզի այդ ավանդույթները, որոնք եղել են ու կան մեր առօրյայում, մեր կյանքում, ավելի զարգանան, ավելի ընկալելի դառնան: Եվ դա լինի ոչ միայն մեր քաղաքում, այլեւ տարբեր մարզերում»,- ասել է Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը:

Ջազն ընտրյալների համար է. այսպես է կարծում նաեւ Հայաստանյան ջազի հիմնադիրներից Արմեն Թութունջանը, սակայն այն նաեւ կարելի է տարածել ու բացօթյա համերգ միայն Ջազի միջազգային օրը չմատուցել:

«Միացյալ նահանգներում շատ եմ եղել, տարբեր քաղաքներում՝ Բոստոնը հատկապես կարող եմ մատնանշել: Այդ քաղաքում տեղեր կան հատուկ, որոնք ցանկալի են երաժիշների համար, իրենք գնում են նախօրոք թույլվություն են ստանում, որ այդ փողոցում, այդ վայրում նվագեն: Եկեք Երեւանում էլ այդպես անենք, վերականգնենք, նախ կլինեն անվճար ելույթներ, քաղաքացիիների համար, եւ երաժիշտներն էլ կհամաձայնեն ցածր գներով ելույթ ունենալ»,- ասաց ջազմեն Արմեն Թութունջյանը՝ Չիկոն:

70 տարուց ավել հայստանյան ջազն ապրում ու տարածվում է աշխարհով մեկ: Սեւամորթների ստեղծած երաժշտությունը նաեւ ընտրեց Հայաստանը, ընտրեց Երեւվանն ու ջազասերին. չէ՞ որ այն ընտրյալների համար է:

*

*