Ջազի միջազգային օրը Հայաստանում ելույթ կունենան Ռիչարդ Բոննան եւ Ռոբերտ Կել Տորեսը

Ջազի միջազգային օրը Հայաստանում նշում են արդեն 5-րդ տարին: Այս տարի համերգը կրում է «Ջազը հանուն համամարդկային արժեքների» խորագիրը:

Ջազի միջազգային օրը  Հայաստանում նշում են արդեն 5-րդ տարին: Այս տարի համերգը կրում է «Ջազը հանուն համամարդկային արժեքների» խորագիրը:

Այսօր Կասկադ համալիրում կայացած բացօթյա ասուլիսի ժամանակ միջոցառումների կազմակերպիչները նշել են, որ ապրիլի 30-ին կայանալիք համերգին հայ անվանի ջազմենների հետ նույն բեմում ելույթ կունենան նաեւ աշխարհահռչակ բաս-կիթառահար Ռիչարդ Բոննան եւ Ռոբերտ Կել Տորեսը:

Ջազզի հայկական ասոցացիայի նախագահ Կամո Մովսեսյանը նշեց, որ այս տարի եւս ջազի բացօթյա համերգը կմեկնարկի Կասկադում:

Ասուլիսին ներկա էր նաեւ Ռիչարդ Բոնան, ով արդեն մի մի քանի օր է  Հայաստանում է:

Ջազի միջազգային օրվա առիթով Հայաստան ժամանած աշխարհահռչակ բաս-կիթառահար Ռիչարդ Բոնան դեմ չէ այսուհետեւ կրել հայկական ազգանուն:
«Բոնայա՞ն. վատ չի հնչում»,- կատակում է նա:

Երաժիշտն առաջին անգամ չէ Հայաստանում: Անցած տարվա սեպտեմբերին կայացած Ջազ փառատոնի պատվավոր հյուրերից մեկն էր, իսկ այսօր արդեն վերադարձել է, որպեսզի հայ ջազասերների հետ նշի ջազի միջազգային օրը:

«Հաճելի է կրկին այստեղ լինել: Ես ոչ միայն երաժշտություն, այլեւ պատմություն եմ սովորում: Ես իսկապես հիացած եմ Հայաստանի պատմությամբ ու մարդկանցով, դրա համար էլ կրկին այստեղ եմ: Գիտե՞ք՝ հիսասքանչ երաժիշտներ կան այստեղ, դու կարող ես ոչ միայն լսել, այլեւ տեսնել, թե ինչքան բազմազան երաժշտական գործիքների են նրանք տիրապետում: Ի դեպ, ես այսօր իմ առաջին դուդուկն եմ ձեռք բերել,- ասել է Ռիչարդ Բոնան:

Աշխարհահռչակ բաս-կիթառահարն այս օրերին շրջել է Հայաստանով մեկ, շատ է հավանել  հայկական կերակուրը եւ մշակույթը: Վստահեցնում է՝ երբ հեռանա, առաջին բանը, որ կկարոտի՝ Գեղարդի տաճարի հարմոնիան է լինելու, որտեղ նա նաեւ երգել է:

Միջոցառման կազմակերպիչների խոսքով՝ Երեւանն աշխարհում ունի ջազային քաղաքի իմիջ:

Ջազի հայկական ասոցացիայի նախագահը պատմեց նաեւ, որ նրանց ջանքերով Երեւանը վերջերս ընգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստեղծած այն կայքում, որտեղ ներգրավված են ջազի օրը նշող քաղաքները:

 

*

*