Հայաստանում են աշխարհահռչակ ռոք երաժիշտներ Իէն Գիլանն ու Թոնի Այոմին

Մեր երկրում են՝ մասնակցելու «Ռոք էիդ Արմենիա» բարեգործական նախագծի 30 ամյակին:
ien-gilan

Հայաստանում են աշխարհահռչակ ռոք երաժիշտներ Իէն Գիլանն ու Թոնի Այոմին: Deep Purple-ի մենակատարն ու Black Sabbath-ի կիթառահարը մեր երկրում են՝ մասնակցելու «Ռոք էիդ Արմենիա» բարեգործական նախագծի 30 ամյակին:

Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին աջակցելու համար 1989 թվականին DoSomething ավստրալիական կազմակերպությունը՝ ի դեմս Ջոն Դինի, նախաձեռնեց Rock Aid Armenia ծրագիրը, իսկ 10-ը տարի առաջ Mediamax-ը կազմակերպության հետ իրականացրեց «Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագիծը, որի արդյունքում հավաքված գումարով վերակառուցվեց Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցը:

Ջոն Դինի տեղեկացմամբ` կրկին վերաթողարկելու են Smoke on the Water տեսահոլովակը, եւ դրանից ստացված եկամուտը ուղղվելու է Գյումրիի երաժշտական դպրոցի համար նոր գործիքներ գնելուն: Հաջորդ ամիս նաեւ նոր կայք է մեկնարկելու, որում ներկայացվելու են մինչ օրս երբեւէ չհրապարակված ձայներիզներ եւ տեսահոլովակներ:

«Կթողարկենք նաեւ հայկական երաժշտության նոր ձայնասկավառակ: Փաստացի մենք վերադառնում ենք մեր արմատներին, որովհետեւ որպես կազմակերպություն մեր թողարկած առաջին ալբոմը հենց Ջիվան Գասպարյանի եւ Բրայան Ինոյի 1989 թվականի ձայնապնակն էր»,- նշել է Rock Aid Armenia բարեգործական նախագծի հիմնադիր Ջոն Դինը:

Ռոք երաժիշտ Իէն Գիլանը կիսվել է իր հիշողություններով․

«Սա ինձ համար անձնական թեմա է: Սպիտակի ողբերգական երկրաշարժի մասին տեղեկացա, երբ 1990 թվականին համերգով Երեւանում էի, հետո այցելեցի Սպիտակ եւ շատ ավերվածություններ տեսա այնտեղ: Հիշում եմ մի կնոջ, որը ձեռքին բռնել էր իր ընտանիքի 28 անդամների նկարը, որոնցից միայն ինքն էր ողջ մնացել: Նաեւ մի մարդու հետ խոսեցի, որն ինձ ասաց, որ երաժշտությունն այնտեղ լռել է՝ ոչ ռադիոյով է հնչում, ոչ եկեղեցում, անգամ թռչուններն էին դադարել ծլվլալ: Մենք համարեցինք, որ երաժշտությունը աղետի գոտին վերակենդանացնելու լավագույն միջոցը կլինի: Այդպես էլ եղավ՝ մենք միացանք Գյումրի երաժշտական դպրոցի վերականգման աշխատանքներին, եւ երաժշտությունը դարձավ Հայաստանի վերածննդի խորհրդանիշը: Երբ առաջին անգամ ոտք դրեցի Գյումրու երաժշտական դպրոց, ներսում ձյուն էր տեղում, բայց ուսուցիչները խիզախորեն փորձում էին երեխաներին ինչ-որ բան սովորեցնել կիսակոտրված գործիքներով, այսօր արդեն արդեն դպրոցը շատ լավ վիճակում է եւ դա ապացուցում է, որ երաժշտությունն ապրեցնում է»,- ասել է  Իէն Գիլանը։ 

*

*