Վազգեն Գաբրիելյանն արժանացավ «Հրանտ Մաթևոսյան» ամենամյա գրական մրցանակին — Երկիր Մեդիա

Վազգեն Գաբրիելյանն արժանացավ «Հրանտ Մաթևոսյան» ամենամյա գրական մրցանակին

Նա Մաթեւոսյանի պատանեկան ընկերն էր, բարեկամը, ում հետ որոշ ժամանակ վարձով է ապրել:
hrant-matevosyan

Գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի անվան ամենամյա մրցանակն այս տարի հանձնվեց գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Վազգեն Գաբրիելյանին:

Մաթևոսյանի ծննդյան կապակցությամբ Գրողների միությունը միջոցառումն անցկացրեց փետրվարի 12-ին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: Մտավորականները ծաղիկներ խոնարհեցին գրողի շիրմին:

Վազգեն Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց մրցանակի համար և շեշտեց, որ Հրանտ Մաթևոսյանը հրաշալի գրական ժառանգություն է թողել, որն ապրեցնում էր տարիներ առաջ և շարունակում է ապրեցնել: «Կարծում եմ` այն հատկապես կարևոր է մեր գրական զարգացման ընթացքի համար»,-ընդգծեց գրականագետը:

Հրանտ Մաթևոսյանի այրին` Վերժինե Մովսիսյանն ասաց` ուրախ է, որ մրցանակին արժանացավ իր ամուսնու պատանեկան ընկերը, բարեկամը, ում հետ Մաթևոսյանը որոշ ժամանակ վարձով է ապրել:

Նա նաև Մաթևոսյանի երազներից մեկը պատմեց: «Մեր գյուղի գերանների վրա նստել էինք ես, Թումանյանն ու Տոլստոյը, զրուցում էինք. հանկարծ Տոլստոյը վեր կացավ ու գնաց, Թումանյանն էլ հարցրեց, թե ի՞նչ ասացի, որ նա հեռացավ, և ես արթնացա»:

Մրցանակը հիմնել է Հայաստանի գրողների միությունը «Հրանտ Մաթևոսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի, Մաթևոսյանի ընտանիքի, ՀՀ կառավարության աջակցությամբ: Այն շնորհվում է արձակագիրներին և գրականագետներին: Տարբեր տարիների այդ մրցանակին արժանացել են Լևոն Խեչոյանը, Վահագն Գրիգորյանը, Ռուբեն Հովսեփյանը, Ժենյա Քալանթարյանը և այլք:

Հրանտ Մաթևոսյանը ծնվել է Լոռվա Ահնիձոր գյուղում 1935 թվականին:  Սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում: Հետագայում որպես սրբագրիչ աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում և «Գրական թերթում»: Գրական ասպարեզ է մուտք գործել 1961 թվականին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով։ Անդրանիկ ժողովածուն՝ «Օգոստոսը», լույս է տեսել 1967-ին: 1996-2000 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության նախագահ: Ստեղծագործությունները թարգմանվել և լույս են տեսել մի շարք լեզուներով: Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002 թվականին Երևանում:

Մաթևոսյանի երկերի հիման վրա և նրա սցենարներով «Հայֆիլմ»-ում նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը», «Օգոստոս», «Աշնան արև», «Տերը» գեղարվեստական կինոնկարները, հայաստանյան թատրոններում բեմադրվել են «Մեծ աշխարհի մեր անկյունը», «Չեզոք գոտի», «Մեծամոր» և այլ գործեր: Նրա երկերը թարգմանվել են շուրջ 40 լեզվով: 2004-ին Հայաստանի գրողների միությունը սահմանել է Մաթևոսյանի անվան մրցանակ: Մաթևոսյանի անունով Երևանում կոչվել են դպրոց և փողոց: 

*

*