«Հայկական տունը»՝ կոմիտասյան ելևէջների ներքո

Կայացել է «Հայկական տուն» նախագծերի կատալոգի շնորհանդեսը:
haykakan-tun

Քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում այսօր կայացել է «Հայկական տուն» նախագծերի կատալոգի շնորհանդեսը:

Շնորհանդեսին բացման խոսքով հանդես է եկել թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը: Ողջունելով ներկաներին նա կարևորել է Հայաստանի տարբեր տարածաշրջանների հայկական ժողովրդական տների ուսումնասիրման, հետազոտման և այդ ամենը մեկ կատալոգում զետեղելու և հանրությանը ներկայացնելու գաղափարը:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը ողջունելով գրքի գաղափարը, շնորհակալություն է հայտնել կատալոգի ստեղծման ակունքներում կանգնած ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին և «Մոնարխ» ընկերության ղեկավար Սերգեյ Համբարձումյանին, փաստելով, որ կատալոգը հնարավորություն է տալիս տեսնելու տարիների ընթացքում տեղի ունեցած հայկական տան տիպերի էվոլյուցիան «Մոնարխ» ընկերության երևանյան ներկայացուցչության ղեկավար Կարեն Դավթյանն էլ իր խոսքում փաստել է, որ նախաձեռնության հիմնական նպատակն էր ունենալ մեկ ամփոփ նյութ՝ այն հասցնելով մինչև տեղական ինքնակառավարման մարմիններ, որպեսզի մարդիկ կարողանան կառուցել նաև մեր ավանդական տները:

ՃՇՃԱՀ ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանն անդրադարձել է նախագծի կազմակերպական խնդիրներին, նշելով, որ հայկական տների ուսումնասիրման և հետազոտման ընթացքում կողք-կողքի մասնակցել են մասնագիտական ԲՈՒՀ-ի դասախոսներն ու ուսանողները: Վերջիններս նույնպես իրենց խոսքն ասացին, հատկապես առանձնացնելով ավագների հետ համատեղ պրակտիկ աշխատանքի ընթացքում ձեռք բերածը:

Հավելենք, որ շնորհանդեսի բացումն իր երաժշտական կատարումներով զարդարել է Միրզոյան քառյակը:

*

*