Ռուբեն Հախվերդյանն իր հայտնի երգերը կներկայացնի նոր գործիքավորմամբ եւ նոր շնչով

Աննախադեպ համերգին ելույթ է ունենալու նաեւ Երևանի պետական կամերային նվագախումբը՝ դիրիժոր Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ։
ruben-hakhverdyan

Ռուբեն Հախվերդյանը «Կտրուկ շրջադարձ» խորագրով նոր համերգային ծրագիր կներկայացնի իր երկրպագուներին: Համերգը տեղի կունենա նոյեմբերի 5-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում: Հնչելու են նոր գործիքավորման շնորհիվ թարմացված բազմաթիվ սիրված երգեր:

«Վաղուց ենք համագործակցում Ռուբեն Հախվերդյանի հետ: Համատեղ հինգ ձայնասկավառակ ենք ձայնագրել: «Մեր սիրո աշունը», «Երևանի գիշերներում» և այլ հայտնի երգեր կհնչեն նոր գործիքավորմամբ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը:

Աննախադեպ համերգին ելույթ է ունենալու Երևանի պետական կամերային նվագախումբը՝ դիրիժոր Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ, ՀՀ վաստակավոր արտիստ Հակոբ Ջաղացպանյանը:

Նարինե Զարիֆյանի խոսքով` ինքը չի վախեցել ռիսկի դիմել, քանի որ 15 տարի աշխատել է Հախվերդյանի հետ:

«Իմ կոմպոզիտորական ներդրումն եմ ունեցել նաև նրա այլ հայտնի երգերը գործիքավորելիս, և այդ ստեղծագործությունները տարբեր մրցանակների են արժանացել ու ընդունվել երկրպագուների կողմից: Ռուբենն ինքն է ասում, որ երգերն ավելի գեղեցիկ, հարուստ և ամբողջական են դարձել»,- շեշտեց կոմպոզիտորը:

ՀՀ կոմպոզիտորների միության անդամ Նարինե Զարիֆյանը հայ դասական երաժշտության ոգով սինթեզում է փոփ, ջազ, ռոք, ֆոլկ երաժշտական ուղղությունները:

Համերգին ժողովրդականություն վայելող երգահան Ռուբեն Հախվերդյանը կներկայացնի Կտակ, Հիսունից հետո, Ուղիղ ժամը 12-ին,Երևանի գիշերներում,Եթե իմանայիր և այլ սիրված երգեր:

*

*