Նոր հավելվածը հնարավորություն կտա տեսնել արձանների եռաչափ անիմացիոն պատկերները

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ով ներկա է եղել հավելվածի փորձարկմանը, ասել է, որ 2017-ին հավելվածը կընդգրկի նաեւ հայ այլ մեծերի արձաններ:
tumanyan-3d

 

Մշակութային արժեքների հանրահռչակման գործում օգնության են գալիս տեղեկատվական տեխնոլոգիաները: «Առմ քալչըռ էյէռ» հավելվածի օգնությամբ այսուհետ կարելի է կենդանացնել Հովհաննես Թումանյանի եւ Ալեքսանդր Սպենդիարյանի արձանները: Մշակույթի նախարարությունը՝ Arloopa ընկերության հետ համագործակցությամբ ստեղծել է հավելված, որը ներբեռնելով Անդրոիդ, հունվարից՝ նաեւ Այոս համակարգերում, կարելի է տեսնել Թումանյանի եւ Սպենդիարյանի եռաչափ անիմացիոն պատկերը, լուսանկարվել, լսել նրանց ձայնային հաղորդագրությունը:

Դրանց բովանդակությունը պարբերաբար թարմացվելու է, Թումանյանն ու Սպենդիարյանը հրավիրելու են այս կամ այն ներկայացմանն ու համերգին:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ով ներկա է եղել հավելվածի փորձարկմանը, ասել է, որ 2017-ին հավելվածը կընդգրկի նաեւ հայ այլ մեծերի արձաններ:

«Ծրագրվում է տվյալ հուշարձանը ներկայացնող անձնավորության ավատարը՝ եռաչափ մոդելը: Մենք օգտագործել ենք Հովհաննես Թումանյանի եւ Ալեքսանդր Սպենդիարյանի օրիգինալ ստորագրությունները՝ որպես մարկեր: Սքանավորելով այդ մարկերը արձանի վրա, մենք կարողանում ենք ինտերնետի միջոցով սերվերային հարթակից դուրս բերել այն ուղերձը՝ ներկայացված, մշակված եւ մոդելավորված, որը մենք ծրագրավորել ենք»,- ասում է Arloopa ընկերության կոմերցիոն տնօրեն Ավետիկ Քալանթարյանը:

«Նման կերպ մենք կփորձենք տարվա ընթացքում կենդանացնել նաեւ մեր մյուս մեծերի արձանները, եւ ունենալ նաեւ վիրտուալ պատկեր մեր մեծերի մասին, մեր քաղաքում, մեզ հետ ապրող արձանների մասին»,- նշում է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

 

Պատրաստեց՝

Լուսինե Ղարիբյանը

*

*