Կինեմատոգրաֆիստների միության նախագահը ռեժիսորին հորդորել է դադարեցնել հացադուլը

Նա նաեւ դիմել է Լիլիթ Մակունցին ու Արայիկ Հարությունյանին
harutyun-khachatryan-hovhannes-galstyan

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով ռեժիսոր Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը: Նա դիմել է ՀՀ մշակույթի նախարարությանը, նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին, նախկին նախարարին, կրթության և գիտության նախարարին, որպեսզի նրանք ձեռնարկել բոլոր քայլերը, որ ռեժիսորը դադարեցնի հացադուլը:

«Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի հայտարարած հացադուլն արդեն ուղղակիորեն սպառնում է նրա առողջությանն ու կյանքին: Իրավիճակի վատթարացումը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել, մանավանդ, որ կինոռեժիսորն այս քայլին դիմում է արդեն երկրորդ անգամ:

Նկատի առնելով ստեղծված իրավիճակը, մարդու կյանքի ու առողջության պահպանման անքննարկելի, անվիճելի գերակայությունը՝ դիմում եմ ՀՀ մշակույթի նախարարությանը, ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին, ՀՀ մշակույթի նախկին նախարար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար տիկին Լիլիթ Մակունցին, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին՝ անհապաղ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի կինոռեժիսորը դադարեցնի հացադուլը, և որպեսզի քննարկվեն կինոռեժիսորի բարձրացրած հարցի կարգավորման հնարավոր բոլոր միջոցները երկխոսության միջոցով»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ:

*

*