Լույս է տեսել Համազասպ Սրվանձտյանցի կյանքն ու գործունեությունը ներկայացնող մենագրությունը

Ողջ կյանքը հայության ազատագրությանը նվիրած Համազասպը, սակայն, զոհ գնաց իր իսկ հայրենիքում։

Հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ Համազասպ Սրվանձտյանցի կյանքի ու գործունեության ամբողջական տարեգրությունը ներկայացնող մենագրությունն է լույս տեսել: Հեղինակը պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Գեւորգ Ստեփանյանն է: Հեղինակը մանրամասն նկարագրել է Խմբապետ Համազասպի հերոսական կյանքն ու կյանքի ողբերգական ավարտը: Համազասպ Սրվանձտյանցի կյանքի եւ գործունեության համակողմանի լուսաբանմանը նվիրված աշխատության համար աղբյուրագիտական հիմք են ծառայել Հայաստանի ազգային արխիվի եւ մի շարք այլ արխիվների վավերագրեր:

«Ու՞ր են Սերոբի, Դումանի, Քեռիի, Չաուշի, Մուրատի, Համազասպի գրքերը: Մեռածները չուզեցին գրել իրենց փոթորկալից ապրումները, մենք պետք է գրենք այն:» Տողերի հեղինակ Դաշնակցության հիմնադիր սերնդի ներկայացուցիչ, պատմագիր, դիվանագետ Միքայել Վարանդյանի փափագն իրականություն դարձավ միայն տասնամյակներ անց:

Խմբապետ Համազասպը մշտապես գտնվել է իր ժամանակի քաղաքական իրադարձություններիր կիզակետում: Հեղինակի խոսքով՝ Համազասպի կենսագրության եւ ռազմաքաղաքական գործունեության միջեւ դժվար է սահման գծել , քանզի հայ ժողովրդի ազատության համար անմոռաց պայքարը դարձել է նաեւ նրա անձնական կյանքի ժամանակագրությունը: Նա այնտեղ էր, ուր նրան կգործուղեր Հայ Հեղափոխական Դաշնակցույթունը։ Ամենավտանգավոր ու կերւոր ճակատներ։

Խմբապետի ավանդն անփոխարինելի է 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի հայ ազգային-ազատագրական շարժման, 1905-1906 թթ հայ-թաթարական ընդհարումներում: 1915 թվականի մայիսին Վանն ազատագրող հայ կամավորների հրամանատարներից էր: Հետո արդեն առաջին աշխարհամարտի ռուս-թուրքական ճակատի ռազմական գործողությունների թատերաբեմ, ապա Բաքվի հայտնի ինքնապաշտպանություն, ուր Համազասպը կարեւորագույն դերակատարներից մեկն էր։ Առաջին Հանրապետությունում նրան վստահվեց Նոր Բայազետ գավառի զորամասերի հրամանատարությունը:

«Նման գրքերի հրատարակումով մենք մատաղ սերնդին ռազմահայերնասիրական ոգով դաստիարակելու մեծ ներդրում ենք տալիս, որպեսզի իրենք ռաջնորդվեն նման աշխատություններով»,- ասում է Գեւորգ Ստեփանյանը:

Ողջ կյանքը հայության ազատագրությանը նվիրած Համազասպը, սակայն, զոհ գնաց իր իսկ հայրենիքում։ 1920 թվականին Հայաստանի բոլշեւիկացումից կարճ ժամանակ անց նա իր հարյուրավոր զիանկիցների ու կուսակիցների հետ հայտնվեց բոլշեւիկյան բանտում։ Այնտեղ էլ կացնահարվեց։ Դահիճն էլ թուրք մսագործ էր։ Այդպես շնորահակալ եղան հայ բոլշեկիկները նվիրյալ Խմբապետից։

Համազասպի հերոսական կյանքի էջերը 70 տարի շարունակ խորհրդահայ հասարակությանը մատչելի չեն եղել: Մենագրությունը Խմբապետ Համազասպի կյանքի ու գործունեության համապարփակ պատկերը ներկայացնելու առաջին փորձն է: Աշխատությունը գրելիս հեղինակն օգտվել է արխիվային աղբյուրներից:

«Օգտվել եմ Հայաստանի ազգային արխիվից, Եղիշե Չարենցի անվան գրականության արխիվից: Մենք աշխատել ենք, լավ նյութեր ենք ձեռք բերել նաեւ Մոսկվայի երկու արխիվներից, Թիֆլիսի արխիվից եւ այս ամենն իմի բերելով ստեղծել ենք այս աշխատությունը»,- ասում է գրքի հեղինակը:

Հեղինակը տարաբնույթ փաստերի համադրմամբ է աշխատությունը գրել: Իր առջեւ մի նպատակ է դրել՝ լույս սփռել պատմության մութ էջերի վրա, քանի որ, ըստ իրեն, պատմությունը սիրում է անաչառություն:

Պատրաստեց՝

Անահիտ Հովհաննիսյանը

*

*