Երեւանի Ավան վարչական շրջանում բացվեց մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանը

Մարշալ Բաբաջանյանին մեծարում են՝ նրա անունով կոչելով փողոցներ, կանգնեցնելով արձաններ ու կիսանդրիներ:

«Լեռնային արծիվ», «Երկաթե սեւ գեներալ», «Սեւ վագր». սրանք մի քանիսն են Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանին տրված բնորոշումներից: Իսկ ԽՍՀՄ ղեկավարները, Հայրենական պատերազմում հրամանատարական հմուտ գործողությունների համար, նրան պարգեւատրել են «Ոսկե աստղ» շքանշանով ու հերոսի կոչում շնորհել:

Մարշալ Բաբաջանյանին մեծարում են՝ նրա անունով կոչելով փողոցներ, կանգնեցնելով արձաններ ու կիսանդրիներ:

Համազասպ Բաբաջանյանի՝ մոտ 3 մետրանոց բրոնզե արձանը Ավան վարչական շրջանում է՝ մարշալի անունը կրող փողոցում: Նախագահ Սերժ Սարգսյանը, Պաշտապնության նախարարը, բարձրաստիճան զինվորականներ են մասնակցում արձանի բացմանը: Քանդակագործ Համլետ Մատինյանը երկար ուսումնասիրել է մարշալի հերոսական կյանքի դրվագներն եւ գտել, իր խոսքով, հզոր ու հանճարեղ զինվորականին ներկայացնելու լավագույն տարբերակը:

90-ամյա Խաչիկ Հավսեփյանը Բաբաջանյանի զինվորներից է եղել: Արձանը, ասում է, լավն է, միայն թե ափսոս, որ մարշալը նստած է:

«Զինվորականը մինչեւ մահ ու գերեզման ոտքի վրա պետք է լինի»,- ասաց Խաչիկ Հովսեփյանը:

Համազասպ Բաբաջանյանի հետ շփումներից հիշողությունները շատ չեն:

«Հասարակ զինվորների հետ ի՞նչ պիտի խոսեր: Միայն մի բան ասաց՝ ազգիդ պատիվը բարձր պահի: Ընդունեցի: Շատ ազդեցիկ անձնավորություն էր: Տարբերություն չէր դնում հայ էր, թուրք էր, եթե լավ ծառայում ես, հարգում էր»,- ասում է Երկրորդ աշխարհամարտի վետերանը:

Մանրամասները՝ տեսանյութում

*

*