Հախվերդյանն ու Հայաստանի պետական կամերային նվագախումբը պատրաստվում են «Կտրուկ շրջադարձ» համերգին

«Կարող է համարվել՝ կառավարական փոփոխությունների շրջադարձի մասին է խոսքը»,- նշեց Ռուբեն Հախվերդյանը:
hakhverdyan

Ռուբեն Հախվերդյանն ու Հայաստանի պետական կամերային նվագախումբը պատրաստվում են «Կտրուկ շրջադարձ» համերգին: Նոյեմբերի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգին կհնչեն հախվերդյանական հին ու բարի երգերը, բայց նորովի մատուցմամբ. կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը դրանք մշակել եւ գործիքավորել է կամերային նվագախմբի եւ անսամբլերի համար: Հեղինակային երգերի կատարողի եւ կոմպոզիտորի համագործակցությունը երկար տարիների փորձ ունի՝ միասին հեղինակել են 5 ձայնասկավառակ, որոնք արժանացել են միջազգային մրցանակների: Հախվերդյանը մեկնաբանեց, թե ինչու «կտրուկ շրջադարձ»:

 «Կարող է նաեւ համարվել, որ կառավարական փոփոխությունների շրջադարձի մասին է խոսքը, նաեւ այն, որ իմ երգերը ներկայացնում ենք այսպիսի մեծ խմբով՝ համարյա սիմֆոնիկ հնչեղությամբ»,- նշեց Հախվերդյանը:
 
Երեւանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը հիշեց՝ դեռ մանկուց Ռուբեն Հախվերդյանն իր եւ իր սերդնակիցների համար ամեն-ամենակերպարներից է եղել:
 
«Մինչ խոսել սովորելը երգում էի նրա երգերը առանց անգամ բառերը հասկանալու: Շատ զգացված եմ այսօր իր կողքին նույն բեմի վրա լինելու եւ միասին ինչ-որ բան ստեղծելու համար: Եթե 20 տարի առաջ ինձ ասեին, որ այսպիսի բան կարող է լինել, կպատասխանեի, որ անհնար է»,- նշեց Երեւանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան:
 
Վահան Մարտիրոսյանը գտնում է, որ յուրաքանչյուր լավ երաժշտություն ինքնին դասական է եւ բարձր որակցեց Նարինե Զարիֆյանի փոխակերպումները. երբ երաժիշտների համար հեշտ է նվագել ստեղծագործությունը, ուրեմն ամեն ինչ ճիշտ է արված, իսկ իրենք շատ հեշտությամբ են պատրաստվում համերգին: Ռուբեն Հախվերդյանն էլ նկատեց, որ ոչ նվագախումբ է իրեն խանգարում, ոչ ինքը՝ նվագախմբին:
 «Շատ գեղեցիկ ստեղծագործություններ են, ես դրանք սիրելով եմ մշակել եւ գործիքավորել, տարբեր են բոլոր այն ստեղծագործություններից, որոնք կոչվում են հեղինակային երգ, այդ պատճառով ես մեծ հաճույքով աշխատեցի եւ իմ ներդրումը դրեցի այդ ստեղծագործությունների մեջ»,- հավելեց կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը:
 
Ռուբեն Հախվերդյանին իր երգերի այս մատուցումը դուր է գալիս եւ նա նա հույս ունի, որ լավ բան կստացվի ու կլինի շարունակական:

*

*