Գյումրիի թանգարանները եւս միացան «Թանգարանային գիշեր» ակցիային

Ավելի շատ այցելու ունենալու համար, թանգարաններն ամեն տարի մշակում են այնպիսի ծրագիր, որ մյուս թանգարաններից տարբերվի:
gyumri-tangaran

Գյումրիում գործող թանգարանները ևս այս տարի միացել են «Թանգարանային գիշեր» ակցիային: Այս տարվա կարգախոսն է «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում»: Թանգարաններում այս պահին վերջին նախապատրաստական աշխատանքներն են: Գյումրիում այս ընթացքում ամենամարդաշատը Գյումրու «Վարպետաց» փողոցն է, որտեղ գտնվում են Հովհաննես Շիրազի և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանները և Մհեր Մկրտչյանի թանգարանը:

«Թանգարանային գիշեր» ակցիան արդեն բարի ավանդույթ է դարձել: Մեկ օրվա ընթացքում թանգարանները կարող են ունենալ այնքան այցելու, որքան մեկ ամսվա ընթացքում՝ նշում են թանգարաններում: Ավելին, սա դարձել է ընտանեկան տոն՝ թանգարան այցելում են ընտանիքներով:

Ավելի շատ այցելու ունենալու համար, թանգարաններն ամեն տարի մշակում են այնպիսի ծրագիր, որ մյուս թանգարաններից տարբերվի: Ցուցանմուշներն ու հետաքրքրի պատմությունները զուգորդվում են համերգային ծրագրերով, ասմունքով, ձեռքի աշխատանքների ու ֆիլմերի ցուցադրություններով:

 «Շիրազ»-ի հուշատուն-թանգարան»-ը ևս պատրաստվում է «Թանգարանային գիշեր» ակցիային: Այս ընթացքում կցուցադրվեն նաև Շիրազի այն լուսանկարները, որոնք արխիվային են եղել և ցուցադրվելու հանվել են Շիրազի ծննդյան օրը:

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի նախաձեռնությամբ: «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս «Թանգարանների գիշեր» ակցիային և Թանգարանների միջազգային օրվան միացել են մի շարք նոր թանգարաններ Հայաստանից և Արցախից։

 

*

*