Վերընթերցման հաճույքը

Շայբոնի «Տիեզերական օվկիանոսի կապիտանները» վեպը, որ պատմում է իբր Լուսնի բնակեցման մասին, գրվել է 1955-ին, այսինքն երբ Գագարինը չէր էլ թռել Տիեզերք:
gradaran2

Քեզ տպավորած գրքերը վերընթերցելուց ավելի մեծ հաճույք չկա: Հատկապես երբ խոսքը վերաբերում է պատանեկան հասակում կարդացածդ գրքերին, որոնց սյուժետային մանրամասները, հերոսների անունները հաճախ չես էլ հիշում, բայց դրանք, միևնույն է, խորապես դաջված են հոգումդ: Եթե կանոնավոր ընթերցանությունն ավելի հասուն տարիքում է սկսվում, ապա, օրինակ, պատանի հասակում կարդացած վեպ-վիպակների ընտրությունը կատարվում է տարերայնորեն, հիմնականում՝ տան գրադարակներից, իսկ թե բախտդ բերի՝ լավ գրադարանավարի խորհրդով:

Այսօր հայաստանյան ընթերցողների շրջանում բավական մեծ ժողովրդականություն են վայելում ժամանակակից այլազգի գիտաֆանտաստ գրողները՝ Ռեյ Բրեդբերի, Դենիել Քիզ և այլք: Նրանց վեպերը թարգմանվում են հայերեն, տպաքանակները համեմատաբար լավ են սպառվում: Այսօր պատանին շատ ավելի լայն հնարավորություն ունի ծանոթանալու գրական այս ուղղության կարևոր գործերի թարգմանությանը, քան, ասենք, ունեի ես պատանի հասակում՝ տասը տարի առաջ: Հիշում եմ՝ միջին դպրոցական տարիքում ինձ շատ էր տպավորել Այզեկ Ազիմովը, հատկապես նրա «Մարսեցիների ուղին» պատմվածաշարը: Այն ժամանակ հատուկենտ ֆանտաստներ էին հասանելի հայերեն:

Սակայն գրական այս ուղղությունում հայազգի հեղինակների պասիվությունն ինձ ստիպեց վերաթերթել պատանեկան գրադարանս: Մտաբերեցի երկու հեղինակի՝ խորհրդահայ գիտաֆանտաստիկ գրականության հիմնադիր Աշոտ Շայբոնին և նրա գործի շարունակող Կարեն Ա. Սիմոնյանին, որն, ի դեպ, այսօր էլ ողջ է և ապրում է Ֆրանսիայում: Ժամանակին երկուսի գործերն էլ կլանել էի անհագորեն, Շայբոնի բոլոր տպագրված գործերն այնքան էի փնտրել Իսահակյան գրադարանի պահոցներում, որ ինձ առաջարկում էին ի վերջո այլ հեղինակի անցնել…

Ավելորդ է խոսել պատանի հասակում գիտաֆանտաստիկ գրականություն կամ առնվազն բովանդակություն (գոնե կինոյի տեսքով) կլանելու անհրաժեշտության մասին: Չկա մտածողական ավելի լավ վարժանք, երևակայության խորքերը թափանցող և այն զարգացնող ավելի արդյունավետ միջոց, քան գիտական ֆանտաստիկան: Այլ հարց, որ այս ժանրը, ինչպես և դետեկտիվը, այնքան է չարչրկվել, որ հեղեղվել է բազմաթիվ ապաշնորհ, կենցաղային մակարդակի, դյուրամարս հեղինակներով:

Շայբոնի «Տիեզերական օվկիանոսի կապիտանները» վեպը, որ պատմում է Խորհրդային Միության կողմից իբր Լուսնի բնակեցման մասին, գրվել է 1955-ին, այսինքն երբ Գագարինը չէր էլ թռել Տիեզերք: Եթե ամերիկյան տիեզերագնացների հետ դասակարգային պայքարի ոգին հանենք, կստացվի հրաշալի գիտաֆանտաստիկ վեպ: Հեղինակը խորհրդային տիեզերակայանը տեղակայում է Հայաստանում՝ Լազուրաչ լճի ափին: Ժպիտով հիշում եմ տարիներ առաջ այդ վեպի ընթերցումս, երբ կարծում էի, թե այն իրոք կառուցվել է Հայաստանում, Լազուրաչն էլ Սևանն է: Այսօր էլ Սևանի լճափին հիշում եմ պատանեկան մարմաջս, ինձ նույնիսկ միամտորեն թվում է, թե այդ գերգաղտնի տիեզերակայանը թաքնված է լճի խորքում:

Պակաս տպավորիչ չէր Կարեն Ա. Սիմոնյանի «Երկիր են վերադառնալու երեքը» ժողովածուն: Այս հեղինակն ավելի ուշ շրջանում է ստեղծագործել, վեպերում այլևս արտահայտված սոցռեալիզմ չկա: Երբ վերընթերցեցի «Ներսես Մաժան դեղագործը» վեպը, պարզվեց՝ ժանրով հակաուտոպիա է: Տասը տարի առաջ ես այդ բառը չէի էլ լսել: Գիտեմ՝ այդ ժանրի գործերից հիմա նորաձև է Օրուելի «1984»-ն ամեն առիթով հիշատակելը, հիմնականում՝ ֆեյսբուքյան քաղվածքների տեսքով: Բայց գոնե այդ շրջանի հայ գրականությունում այլ հակաուտոպիա չեմ հիշում:

Հեղինակն իր հերոսի՝ դեղագործ Ներսես Մաժանի միջոցով զգուշացնում է, թե ինչ կործանարար հետևանքների կարող է հանգեցնել Տիեզերքը նվաճելու, այլ մոլորակներում հաստատվելու՝ մարդկության անհագ ցանկությունը: Մարդիկ այս վեպում ունեն իրենց նմանակները, որոնք անզգա էակներ են, և նրանց արտաքնապես դժվար է տարբերելը: Խոստովանեմ՝ եթե վեպի առաջին ընթերցումից պատանեկան գեղագիտական հաճույք էի ստանում, ապա այժմ ցավով արձանագրեցի, որ երբեմն նման վերահաս զգացողություն ունենում եմ:

Ինձ համար գոնե կյանքիս այս փուլում գիտաֆանտաստիկ գրականության, ֆիլմերի իմաստը ապամարդկայնացման դեմ պայքարն է, համատարած մեքենայացման վտանգների մասին հիշեցնելը: Էլեկտրոնային կրիչով այս ժանրի վեպ կարդալը կարծես ճակատագրի հեգնանք լինի. ստացվում է Պլատոնի պարադոքսը, երբ նա գրի միջոցով ժխտում է գիրը:

Ես չգիտեմ՝ տասը տարի անց, երբ դարձյալ անդրադառնալու լինեմ այս երկու հեղինակներին, ինչ տեխնիկական միջոցից կօգտվեմ: Միգուցե անգամ թղթային գիրքը գերադասեմ, ինչպես այս անգամ: Թերևս, հստակ է մի բան՝ Լուսնի բնակեցման մասին սյուժեն ինձ առավել ճշմարտանման կթվա, քանի որ այնտեղ արդեն սկսել են գնել առաջին հողատարածքները…

ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

*

*