Գրողների միության ամենամյա մրցանակաբաշխության հաղթողները պարգեւատրվեցին

Պարգևներ հանձնվեցին 2016 թվականին ճանաչված լավագույն ստեղծագործությունների համար:
groghneri-miutyun

Հայաստանի գրողների միության ամենամյա մրցանակաբաշխությունն անցկացվեց հունվարի 27-ին ՀՀ գրողների միության դահլիճում: Պարգևներ հանձնվեցին 2016 թվականին ճանաչված լավագույն ստեղծագործությունների համար:

«Մրցանակներն ունեն մեր ազգի մեծանուն գրողների անունները: Այս տարի դրանցից մեկը կրելու է Հովհաննես Թումանյանի անունը: Այն ստեղծվել է Լոռվա հայրենակցական միության աջակցությամբ: Գրողներին դրամական պարգևներ հանձնելու հարցում աջակցել է Նաթելա Լալայանը»,- նշեց ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Արձակի ժանրում Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակին արժանացավ Ներսես Խառատյանը՝ «Ով սպանեց Էլենին» վեպի համար:

Պոեզիա գրական ժանրում Ավետիք Իսահակյանի անվան մրցանակը հանձնվեց Լիպարիտ Սարգսյանին՝ «Արդար ճանապարհ» գրքի համար:

Լավագույն հրապարակախոսություն համարվեց Ֆելիքս Բախչինյանի «Վագրի տարի կամ չեչենական օրագիր»-ը, և նրան հանձնվեց Միքայել Նալբանդյանի անվան մրցանակը:

Դրամատուրգիա ժանրում Լևոն Շանթի անվան մրցանակին արժանացավ Սամվել Խալաթյանն իր «Փակուղուց այն կողմ» թատերգությամբ:

Գրականագիտության ոլորտում Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակի արժանացավՊետրոս Դեմիրճյանը «Տիրան Չրաքյան (Ինտրա). Կյանքն ու գործը կամ «Հեքիաթի» իրականությունը» գրքի համար:

Մանկական գրականության ոլորտում Վախթանգ Անանյանի անվան մրցանակը հանձնվեց Շնորհիկ Շահինյանին՝ «Անին ու քամին» գրքի համար:

Հովհաննես Թումանյանի անվան մրցանակին արժանացավ Գառնիկ Շախկյանը՝ «Թումանյանական աշխարհ»գործի համար:

ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տան գրական մրցանակը հանձնվեց Գագիկ Դավթյանին՝ թարգմանության ոլորտում տարվա աշխատանքների համար:

Գառնիկ Շախկյանն ասաց, որ  անչափ շնորհակալ է իր համեստ աշխատանքը բարձր գնահատելու համար:

«Ճարտարապետ եմ և ուսումնասիրում եմ Դսեղի ճարտարապետական հուշարձանները: Թումանյանն ինձ օգնեց դրանք ավելի արժևորել և ներկայացնել հանրությանը: Պետք է անել ամեն բան Թումանյանի թողած ժառանգությանն արժանի լինելու համար»,-ընդգծեց նա:

Լիպարիտ Սարգսյանի խոսքով` իր համար հաճելի է մրցանակ ստանալը և գնահատվելը: «Շնորհավորում եմ բոլորիս: Մրցանակները անվանի մարդկանց անուններ են կրում: Դա պարտավորեցնում է ավելին անել»,-նշեց Սարգսյանը:

«Մեր ճանաչված գրողներից մեկը մի առիթով ասաց, որ ինքը գրականության ոլորտում, կարծես թե, բոլոր պարգևները ստացել է, բայց ՀՀ գրողների միության ամենամյա մրցանակ չունի և իրեն վատ է զգում, քանի որ այն շատ կարևոր է: Այս մրցանակը միայն անհատի, գրողի վաստակի գնահատումը չէ: Այն, ընդհանուր առմամբ, ժամանակակից գրականության գործերի գնահատականն է, որով կարելի է բնորոշել գրականության առաջընթացը կամ ետընթացը»,- ասաց Պետրոս Դեմիրճյանը:

Գրողների միության սահմանած ամենամյա մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվել է 1972 թվականին: Այդ ժամանակ գրողների միության նախագահը Էդուարդ Թոփչյանն էր: 1972-ին գրական տարբեր ժանրերում մրցանակների են արժանացել Հրանտ Թամրազյանը, Մուշեղ Գալշոյանը, Վազգեն Մնացականյանը և Հենրիկ Թումանյանը:

*

*