Հայաստանի ազգային գրադարանում պատրաստվում են գրատպության թանգարանի բացմանը

Թանգարանում ներկայացված է հայ գրատպության 500-ամյա հարուստ ժառանգությունն ու ձեռքբերումները:

Հայաստանի Ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքում կբացվի Գրատպության թանգարան: 5 սրահները գրեթե պատրաստ են ներկայացնելու հայ գրատպության 500-ամյա պատմությունը:

Ցուցանմուշների մեծ մասը գրադարանի հավաքածուից է, որոշները՝ կաղապարներ, տպագրական հաստոցներ, գնել են: Ամենահին նմուշը 1512 թվականին Վիեննայում տպագրված հայերեն առաջին տպագիր գիրքն է՝ «Ուրբաթագիրք»-ը: Ցուցադրվածները բնօրինակները չեն:

Թանգարանում ներկայացված են հայ գրատպության պատմության զարգացման փուլերը, աշխարհագրությունը ու բացառիկ հրատարակություններ:

«Սրահներից մեկը պայմանականորեն անվանում ենք «հայ գրատպության առաջնեկները» կամ «առաջինները». ներկայացված են առաջին տպագիր գիրքը, քարտեզը, առաջին տպագիր պարբերականը, Աստվածաշունչը: Մեկ այլ սրահ կոչվում է «հայ գրատպության սփյուռքը» եւ ներկայացված են պտագրավայրերը: Յուրաքանչյուր տպագրավային ցուցանակում ներկայացված են առաջին հրատարակությունները եւ ամենանշանակալի հրատարակությունները»,- ներկայացնում է Հայաստանի ազգային գրադարանի փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանը:

Հայ գրատպությունն ավելի քան 2 դար զարգանում էր այսօրվա եւ պատմական Հայաստանի սահմաններից դուրս: Հայաստանում առաջին տպարանը բացվեց «Ուրբաթագրքի» լույսընծայումից 259 տարի անց միայն՝ Էջմիածնում, իսկ Երեւանում՝ 1870-ականներին:

Թանգարանում առանձին բաժնով ներկայացված է հրատարակչական գործը Հայաստանի 3 հանրապետությունների ժամանակաշրջանում: Սրահներից մեկը նվիրված է գրահրատարակչական տեխնիկական զինանոցին՝ տպագրական հաստոցներից մինչեւ թղթին փոխարինող ժամանակակից կրիչ սարքեր:

«Այստեղ ցուցադրվելու են տպագրական մեքենաները, ունենք տպագրիչի մուլյաժ, որն աշխատում է իր կլիշեներով, ներկայացնում ենք նաեւ գրամեքենաներ՝ մեխանիկական գրամեքենաներին փոխարինել են էլեկտրական գրամեքենաները»,- նշում է Հայկանուշ Ղազարյանը:

Թանգարանը շուտով կբացի դռներն այցելուների առաջ: Մուտքերից մեկը հատուկ հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձնաց համար:

*

*