Գառնիում հայտնաբերված կարասները կհանձնվեն թանգարան

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենն ասում է, որ գտնված իրերն արժեքավոր են:
 Օրերս Գառնիում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են 13-14-րդ դարի կարասներ: Գտածոներն արդեն մասնագետների ձեռքերում են. ուսումնասիրում են, պատրաստում վերականգնման: Նույն վայրում մի քանի կարաս է նկատվել:
 
Գառնու տաճարի հարեւանությամբ գինետան շինարարությունը սկսելիս` տարեց համագյուղացիները զգուշացրել էին՝ ուշադիր կլինեք, հողի տակից կարող է մի բան գտնեք: Տարօրինակ իրն առաջինը հայտնաբերել է Վարդանը:
 «Պատն ուղղելու ժամանակ մեծ քար դուրս եկավ, լոմով հանեցինք, բայց չհասկացանք, որ կճուճ է: Փոշին մաքրեցինք, տեսանք կճուճ է, սկսեցինք քանդել»,- ասում է Վարդանը:
Գտածոյով ուրախացել, զարմացել, հետո որոշել են դիմել պատկան մարմիններին: Կարասները տեղափոխվել են Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ: Նույն տեղում եւս մի քանի կարաս են նկատել: Մասնագետները դրանք հողով ծածկել են, որ չվնասեն. ավելի լուրջ աշխատանքի կարիք կա:
Տիկին Էմման 35 տարի առաջ է այս տուն հարս եկել. ոչ լսել, ոչ էլ երեւակայել է, թե իրենց ցախանոցի տակ դարերի պատմություն ունեցող իրեր կան: Հիմա արդեն շատերը գիտեն այդ մասին: Անգամ զբոսաշրջիկները տաճարի ճանապարհից շեղվում ու այցելում էին իրենց՝ կարասների հետ լուսանկարվելու:
 
«Չգիտե՞ք ժողովրդի խոսկացությունները, մեկն ասում է պուտուկը լիքն է եղել, մյուսն ասում է՝ ոսկի է եղել: Բայց եկան, տեսան, որ ոչ մի բան չկա մեջը»,- նշում է Էմմա Պետրոսյանը:
 
 Գառնեցիների համար գտածոները բացառիկ են: Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենն ասում է՝ իրերն արժեքավոր են, բայց շաբաթվա ընթացքում իրենք մի քանի այդպիսի նմուշ են գտնում պեղումներից: Նման դեպքեր հաճախ են պատահում նաեւ գյուղատնտեսական կամ շինարարական աշխատանքների ժամանակ: Գտնված կարասները 13-14-րդ դարերի են, այդ տարածքում, հավանաբար, մառան կամ հնձան է եղել: Կարասներից մեկը հողից հանելիս վնասվել է, մյուսը մասնատել են հնագիտության ինստիտուտում: Պատրաստում են վերականգնման:
 «Տեսնո՞ւմ եք այս ճաքերը, մենք դրանք անվանում ենք միկրոճաքեր: Այս մասը ռեստավրացիա պետք է անել, մաքրել, որ նորից կպնի, հակառակ դեպքում սա արհեստականորեն դեֆորմացված է: Եթե կարիք լինի, գիպսով եւ այլնով կամրակայենք, կդառնա նախկին կարասը, բայց կտեսնենք վրան այսօրվա միջամտությունը»- ասում է Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:
 
Ռեստավրացիան ամիսներ կտեւի: Ընթացքում կպատրաստեն գտածոների անձանգիրը՝ կտան գիտական նկարագրությունը՝ վիճակի, չափսի, հումքի ու պատրաստման եղանակի մասին:
 Վերականգնումից հետո կարասները կհանձնվեն որեւէ թանգարան: Իսկ Գառնիում՝ կարասները գտնելու վայրում, պեղումները շարունակելու հարցը կորոշի Մշակույթի նախարարությունը:

*

*