Գառնիում` շինաշխատանքների ժամանակ, 13-14-րդ դ. կարասներ են հայտնաբերվել

Ավետիսյանի խոսքով` կարասները վերականգնելուց հետո Մշակույթի նախարարության հանձնարարությամբ դրանք կհանձնվեն թանգարաններից որեւէ մեկին:
garni-karas

Գառնու տաճարից 200 մ հյուսիս-արևելք տներից մեկի հողամասում իրականացված շինարարական աշխատանքների ընթացքում կարասներ են հայտնաբերվել:  ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը նշեց, որ կարասները տեղափոխվել են ինստիտուտ եւ շուտով ռեստավրացիայի կենթարկվեն: «Կարասները 13-14-րդ դարերի են` ամենայն հավանականությամբ կիսավեր մառանի հետքեր են: Տարածքում, բացի հանված երկու խոշոր կարասից, կան նաեւ այլ կարասներ, որոնք պետք է հանվեն համապատասխան մասնագետների մասնակցությամբ»,-ասաց նա:

Ավետիսյանի խոսքով` կարասները վերականգնելուց հետո Մշակույթի նախարարության հանձնարարությամբ դրանք կհանձնվեն թանգարաններից որեւէ մեկին: «Հնագետները հողը պետք է հեռացնեն եւ մնացած կարասները հանեն: Շատ հնարավոր է, որ այդ աշխատանքների արդյունքում այնտեղ հնագիտական շերտ լինի, եւ մենք պեղումներ սկսենք»,-հավելեց գիտությունների ազգային ակադեմիայի տնօրենը:

ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի բնակիչ Ծովիկ Պետրոսյանի` Չարենցի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող սեփական տնամերձ հողամասում իրականացված շինարարական աշխատանքների ընթացքում կարասներ են հայտնաբերվել: Հողամասի սեփականատերը փաստի մասին տեղեկացրել է համայնքի ղեկավարին, վերջինս էլ` Հուշարձանների պահպանության գործակալության տարածքային բաժին: Տեղում կատարված նախնական ուսումնասիրության արդյունքում վերը նշված տարածքը կոնսերվացվել է և հանձնարարվել հողաշինարարական աշխատանքները դադարեցնել՝ մինչև հարցի վերաբերյալ լիազոր մարմնի համապատասխան որոշումը:

*

*