«Գահերի խաղի» ստեղծողները սերիալի եզրափակիչ մասի մի քանի տարբերակ են նկարահանելու

Սերիալի ստեղծողները կնկարահանեն 8-րդ եզրափակիչ տարեշրջանի ավարտական մասի մի քանի տարբերակ:
gaheri-khagh

Մեծ ժողովրդականություն վայելող «Գահերի խաղը» սերիալի ստեղծողները կնկարահանեն 8-րդ եզրափակիչ տարեշրջանի ավարտական մասի մի քանի տարբերակ, որպեսզի խուսափեն նախքան պրեմիերան սյուժեի արտահոսքերից: Այդ մասին հայտնել է HBO ամերիկյան ալիքի ծրագրերի տնօրեն Քեյսի Բլոյսը:

«Ես գիտեմ, որ «Գահերի խաղի» ավարտական մասի համար պատրաստվում են նկարահանել մի քանի տարբերակ, որպեսզի ոչ ոք չկարողանա իմանալ, թե ինչ տեղի կունենա: Նման բան հարկ է լինում անել երկար ձգվող շոուի դեպքում, որովհետեւ երբ դու ինչ-որ բան ես նկարահանում, մարդիկ իմանում են: Այնպես որ նրանք պատրաստվում են նկարահանել մի քանի տարբերակ, որպեսզի ստույգ պատասխան չլինի մինչեւ վերջին պահը»,- Բլոյսի խոսքը մեջբերում է Independent-ը:

«Գահերի խաղի» յոթերորդ եթերաշրջանի եզրափակիչ էպիզոդը, որը թողարկվել է օգոստոսի վերջին, հավաքել է սերիալի համար ռեկորդային 16,5 մլն դիտում:

Հեռուստասերիալի հաջորդ եւ վերջին ութերորդ եթերաշրջանի թողարկումը սպասվում է 2018 թվականի վերջին կամ 2019 թվականի սկզբին:

*

*