Ֆրանսիացի հայագետից 6 տարի է պահանջվել «Մատյան ողբերգությունը» ֆրանսերեն թարգմանելու համար

Հայագետը հայերեն սկսել է սովորել իր հայրենիքում՝ Ֆրանսիայում:
matyan-voghbergutyan

Ֆրանսիացի նշանավոր հայագետ, բանասեր եւ պատմաբան Ժան­ Պիեր Մահեի համոզմամբ՝ հայերենի եւ ֆրանսերենի միջեւ կան նմանություններ, ինչն օգնում է ավելի հեշտությամբ կատարել թարգմանությունները: Ֆրանսիացի հայագետը 6 տարվա ընթացքում ֆրանսերեն է թարգմանել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աշխատությունը:

«Առաջին անգամ Հայաստանում եղել եմ դեռեւս քառասուն տարի առաջ: Դրանից հետո սկսեցի ուսումնասիրել Նարեկացուն: Այն ժամանակ արդեն ֆրանսերեն թարգմանություն կար, ծանոթացել էի նրան մի քիչ, բայց ինչքան էլ ճշգրիտ էր, դա Նարեկի համը չէր տալիս:
Բանաստեղծ Ռուբեն Մելիքն ուզեց, որ նոր թարգմանություն սկսեմ: Ճիշտն ասած, սկսեցի թերահավատորեն՝ մտածելով, որ չարժե արդեն թարգմանվածից հետո նորից թարգմանել: Եվ թեպետ հրապուրվում էի Նարեկի կերտողությամբ, բայց բուն իմաստը չէի հասկանում: Դա տեւեց մինչեւ այն օրը, երբ կարդացի Հրաչյա Թամրազյանի առաջին հոդվածները: Նարեկը միանգամից նկատեցի եւ ոչ թե որպես երկնքից ընկած մի ասուպ, այլ Միջնադարյան Հայաստանում ծնված եւ Նարեկավանքում դաստիարակված մի պատմական անձնավորություն»,­- լրագրողների հետ զրույցում ասաց ֆրանսիացի հայագետը:

Հայագետը հայերեն սկսել է սովորել իր հայրենիքում՝ Ֆրանսիայում: «Առհասարակ այն, որ երկու լեզուներում շեշտերն ընկնում են ամեն մի բառի վերջին վանկի վրա, զգում ենք բանաստեղծական բնագիր թարգմանելիս, եւ դա շատ է օգնում ռիթմը գտնելու համար: Եթե կարդանք հայերերով մի տաղ, լսենք շեշտերը, այդ նույնը պետք է կրկնենք ֆրանսերենում՝ օգտվելով բառերից, որոնք նմանապես վերջին վանկում շեշտադրված են»,­- եզրափակեց Ժան­ Պիեր Մահեն:

*

*