Դորամաներ, անիմեներ, հայկական կատակերգություններ… ի՞նչ են դիտում հայ երիտասարդները (մաս 2-րդ)

Մի խումբ երիտասարդներ yerkirmedia.am-ին պատմել են՝ ինչ են սիրում դիտել:
kino

Yerkirmedia.am-ը զրուցել է մի խումբ հայ երիտասարդների հետ և փորձել պարզել՝ ի՞նչ են սիրում դիտել նրանք: Ներկայացնում ենք երիտասարդների կարծիքների 2-րդ մասը, որը նախորդից պակաս հետաքրքիր չէ:

angieԷնջի Պողոսյան

Ֆիլմերի մեջ գնահատում եմ էսթետիկան, կադրերը, երաժշտությունը, հագուստը: Ինչքան էլ կարևոր լինի սյուժեն, դերասանական խաղը,  միևնույնն է, կինոն վիզուալ  արվեստ է, ու նախ և առաջ գեղեցիկ պիտի լինի: Դրա համար էլ խենթանում եմ Տերենս Մալիկի վերջին շրջանի  ու Պաուլո Սորենտինոյի ֆիլմերի համար:

Երբ պետք է ինձ համար շատ թանկ ֆիլմերից որևէ մեկն առանձնացնել, մշտապես ընտրում եմ  «The hours»-ը.  աննկարագրելի հաջողված ֆիլմ կին լինելու մասին: Ջուլիանա Մուրը, Մերիլ Սթրիփն ու Նիկոլ Քիդմանը պարզապես հիացնում են, անվերջ կարող եմ վերանայել այդ շատ կանացի ֆիլմը: Քիչ տղամարդիկ կարող են ընկալել այս ֆիլմն իրական խորությամբ:

Յուրահատուկ և վերանայումներիս արժանի ֆիլմ է «Twice born»-ը: Այն հիմնված չէ  իրական փաստերի վրա, բայց ցույց է տալիս կյանքը, ինչպես որ այն կա. պատերազմի և մարդկանց  դաժանությունը, սիրո և ամուսնության տարբեր դրսևորումները, երեխա ունենալու կարևորությունը:

Հայկական ֆիլմերից կառանձնացնեմ «Հարսնացուն հյուսիսից» -ը, որն ինձ համար ֆանտաստիկ է իր կոլորիտով, հայկականությամբ: Այն երբեք չի հնանում թե՛ իր արտահայտություններով, թե՛ էպիկ կերպարներով: Մարդիկ բարեկամներով հավաքվում են, ամբողջ գերդաստանով որոշում հերոսների ապագան: Ես ֆիլմի ժամանակակիցը չեմ, բայց երբ դիտեցի այն գիտակից տարիքում, խորը կարոտ զգացի:

tatevՏաթև Բաղդասարյան

Կորեական ֆիլմերի մեծ սիրահար եմ, թե գեղարվեստական, թե ռոմանտիկ սերիալների, չնայած որ իրենք նույն երկրի արտադրանք են, սակայն շատ տարբեր են: Կորեան, հատկապես կինոարտադրության մեջ, ինձ համար առաջատար է: Վերջին շրջանում շատ եմ դիտում անիմեներ, դա էլ իր մատուցման ձևն ունի և ասիական ժամանակակից մշակույթը շատ վառ է ներկայացնում:

Բայց միայն դրանցով չեմ սահմանափակվում. ավելի հաճախ դիտում եմ դետեկտիվ, թրիլլեր, կրիմինալ, եթե այդ ամենը համեմված է լինում նաև ֆանտաստիկայով, ուրեմն հենց ինձ համար է:

Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ամեն ֆիլմ մի պատմություն է, կարևոր չէ՝ որ ժանրին է պատկանում: Որակով մատուցված պատմությունը չի կարող քեզ վրա հետք չթողնել, դրանք ենթագիտակցորեն ազդում են աշխարհընկալմանդ վրա:

Ցավոք, հոլիվուդյան ֆիլմերն այլևս չեն գրավում ինձ. համակարգչային գրաֆիկան, հատուկ էֆեկտները ստվեր են գցել իմաստայինի կողմի վրա:

emmaԷմմա Վարդանյան

Առանձնապես կինոման չեմ, սիրում եմ դիտել թուրքական սերիալներ, հատկապես դուր են գալիս դրանցում առկա գույները, մի տեսակ փայլուն են, տեսարանները՝ գրավիչ: Այս սերիալների յուրահատակությունն այն է, որ շատ թեթև են նայվում և վերջաբանները անիմաստ չեն ձգձգվում: Քանի որ Թուրքիայում տեքստիլ արդյունաբերությունը զարգացած է, սերիալներից շատերում գլխավոր հերոսները ղեկավարում են կոշիկի, հագուստի արտադրություններ, այսինքն՝ փորձում են երկիրը նաև տնտեսական տեսանկյունից ներկայացնել:  Այդ սերիալներում կա լավ դերասանական խաղ, մինչդեռ հայկական սերիալների դերասանները ասես «սառած տոլմա» լինեն: Օրինակ՝ հայկական «Նռան հատիկ»  սերիալն եմ նայում, բայց հենց գլխավոր հերոսուհու մասնակցությամբ տեսարաններ են լինում, ալիքը փոխում եմ:

narekՆարեկ Ջհանգիրյան

Որպես դիզայներ ասեմ, որ ինձ շատ հոգեհարազատ ֆիլմ է «The Devil Wears Prada»-ն է, որն ամենաքիչը  6 անգամ նայել եմ: Հենց այս ֆիլմից հետո սկսեցի սիրել Մերիլ Սթրիփին: Ֆավորիտ է նաև քոմեդի-դրամա «Osage County»-ն, որտեղ խաղում է իմ սիրելի դերասանուհիներից Ջուլիա Ռոբերթսը: Ընդհանուր առմամբ ինձ համար էական չէ՝ ֆիլմն ինչ ժանրի է, կարևորը, որ լավը լինի: Բայց վերհիշելով դիտածներս ՝ կարելի է ասել, որ դրամա և հորոր ժանրի ֆիլմեր ավելի հաճախ եմ դիտում:

hasyՀասի Գրիգորյան

Ֆիլմեր սիրում եմ ընկերներիս հետ նայել, մանավանդ՝ սերիալները: Օրինակ՝ հավաքվում էինք մեր ընկերներից մեկի տանը ու մոտ 20-30 հոգով դիտում «Game of Thronse»-ը: Շատ հետաքրքիր է վերջում տարբեր կարծիքներ լսելը, քննարկելը, երբեմն՝ վիճելը:

Նախընտրում եմ սայ ֆայ և գիտաֆանտաստիկա ժանրերը: Սայ ֆայ ժանրի սիրածս ֆիլմերը շատ-շատ են՝ «Star Wars», «Blade Runner», «Matrix» և այլն:

Շատ եմ սիրում նաև անիմեներ դիտել: Սկսել եմ Հայաո Միյազակիի ֆիլմերից, որոնք համարում եմ իր տեսակի մեջ գլուխգործոց, իսկ անիմե սերիալներից ամենասիրածս «Death Note»-ն է ու «Psycho-Pass»-ը:

Ֆավորիտ շոուն, որը քանի տարի է՝ ամեն էպիզոդը օրը մի քանի անգամ վերանայում եմ, «Rick and Morty»-ն  է: Գիտաֆանտաստիկ ժանրի անիմացիոն մուլտսերիալ է, ըստ իս՝ լավագույնն է իր տեսակի ու ժանրի մեջ: Պորտալներ, թայմ թրեվըլներ, այլմոլորակայիններ, սև հումոր, ցինիզմ, նիհիլիզմ, տարբեր ֆիլմերին հղումներ, ընտիր սաունդթրեքեր ու ֆրազաներ: Մի խոսքով՝ «Rick and Morty»-ին ամեն ինչ է:

Այնուամենայնիվ, ունեմ սիրելի ֆիլմեր, որոնք պարտադիր ամեն տարի վերանայում եմ. «Back to the future», «Forrest Gump» և «Pulp Fiction»:

gagoԳագիկ Սմբատյան

Պաշտում եմ հայկական ժամանակակից ֆիլմերը, դրանցում հումորը շատ զարգացած է, միայն թե չափից շատ գովազդն է ճնշում: Կառանձնացնեի 3 կատակերգություն՝ «Poker.am», «Պահանջվում է միլիոնատեր» և «Փախիր կամ ամուսնացիր», որը շատ եմ հավանել, երևի թե գլխավոր դերակատարի՝ Իվետա Մուկուչյանին սիրելն էլ է դեր խաղացել:

Հայկական ժամանակակից ֆիլմարտադրության կարևոր ձեռքբերում եմ համարում «Կյանք ու կռիվ 1» ֆիլմը: Չափազանց ստացված գեղարվեստական ֆիլմ է, որը բանակում ծառայելուս ժամանակ եմ նայել: Մի նախադասություն էր շատ տպավորել ու մոտիվացրել, մոտավորապես այսպես էր՝ «ավելի լավ է վախենալով ինչ-որ բան անես, քան՝ վախենաս ինչ-որ բան անելուց»: Ուզում եմ, որ «Կյանք ու կռիվ 1»-ի նման ֆիլմեր շատ լինեն:

Պարտադիր պետք է անդրադառնամ նաև հին հայկական ֆիլմերին: Դրանք այնքան բարի են և ուսուցանող: Օրինակ՝ ինչպես կարող ես անտարբեր անցնել «Մեր մանկության տանգոն» ֆիլմի կողքով:

Լինելով չափազանց ռոմանտիկ անձնավորություն՝ նաև դիտում եմ դրամատիկ ֆիլմեր: Ամենասիրելիներից է «P.S I love you»-ն, «Վերջին գիշերը Նյու Յորքում», «Աշունը Նյու Յորքում» ֆիլմերը: Վերջին երկուսը ստիպեցին ինձ, որ երազեմ Նյու Յորքում հայտնվելու մասին:

Հեղինակ՝

Արաքս Առաքելյան

*

*