«Մանկական եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը կներկայացնեն Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը

Նրանք ելույթ կունենան դուետով:

«Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային հեղինակավոր մրցույթին այս տարի Հայաստանը կներկայացնեն Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը:

Ինչպես  տեղեկացրին «Առաջին ալիք»-ից, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ, ներքին ընտրության արդյունքում՝ հենց նրանք կլինեն հայաստանյան պատվիրակները ճանաչված եւ սիրված մրցույթում եւ ելույթ կունենան դուետով:

13-ամյա Անահիտ Ադամյանը, թեև ծնվել է Սոչի քաղաքում, այնուամենայնիվ, հայրենիքի հետ կապը շատ ամուր է: Մանկուց սիրում է երգել, իսկ երաժշտական առաջին պրոֆեսիոնալ քայլերը սկսել է 2013 թ-ից, ուսանել նաեւ Հայաստանում:

Անահիտը Ռուսաստանում մասնակցել է մանկական “Голос” նախագծի ընտրական փուլին, ինչպես նաեւ Իգոր Կրուտոյի ակադեմիայի “Битва талантов” նախագծին, որտեղ դարձել է ֆինալիստներից մեկը:

«Մանկական եվրատեսիլ»-ին մասնակցելը Անահիտի երազանքներից մեկն է եղել: «Շատ երջանիկ եմ, որ այս տարի հնարավորություն ունեմ ներկայացնելու Հայաստանը իմ ամենասիրելի մրցույթում: Իսկապես մեծ հույսեր ունեմ, որ լավագույնս կներկայանանք մրցույթին»,- նշում է Անահիտ Ադամյանը:

Իսկ ահա 13-ամյա Մերի Վարդանյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Երաժշտական պրոֆեսիոնալ առաջին քայլերն արել է 2011 թվականից եւ սկսել է ուսանել «ԷՄԻ-ԲԻ» պրոդյուսերական ընկերության «Դո-Ռե-Մի» վոկալ դպրոցում:

Մերին եւս մասնակցել է տարբեր միջազգային մրցույթների: 2015 թ-ին մասնակցել է երաժիշտ-կատարողների«Վերածնունդ» միջազգային մրցույթ -փառատոնին եւ արժանացել գլխավոր մրցանակի: 2016 թ-ին «Ազգերի բարեկամություն» առաջին միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի: «Շատ անգամներ եմ երազել եւ պատկերացրել, թե ինչպես եմ մի օր կանգնելու եվրատեսիլյան բեմում եւ երգելու: Դա իսկական հրաշք է, այդ օրը շատ մոտ է: Մենք ամեն ինչ կանենք, որ վառ ու գունեղ ելույթ ունենանք»,- նշում է Մերի Վարդանյանը:
Մրցութային երգը կներկայացվի վաղ աշնանը:

Հայաստանը «Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007 թվականից եւ բավական մեծ հաջողություններ է հասցրել գրանցել: Վլադիմիր Արզումանյանի գրանցած հաղթանակը հնարավորություն ընձեռեց մրցույթը 2011 թվականին հյուրընկալել Հայաստանում: «Մանկական եվրատեսիլ -2007»-ին հայաստանյան պատվիրակ«Արեւիկ» խումբը, 2009 թ-ին Լուարան եւ 2015 թ-ին Միկան գրավել են երկրորդ հորիզոնականները, իսկ ահա Compass Band-ը 2012 թվականին, Բեթթին՝ 2014 թվականին, գրավել են երրորդ հորիզոնականները:

«Մանկական եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի 14-րդ անգամ եւ կկայանա նոյեմբերի 20-ին Մալթայի մայրաքաղաք Վալետտայում, որը 2-րդ անգամ է հյուրընկալում մրցույթը:
Ի դեպ, մրցույթի կանոններում այս տարի մի քանի փոփոխություններ են մտցվել: Մրցույթին հնարավորություն ունեն մասնակցելու 9-14 տարեկան երեխաները՝ նախկինում 10-15-ի փոխարեն: Այս տարի հանվել է հեռուստադիտողի քվեարկությունը: Հաղթողը կորոշվի պրոֆեսիոնալ եւ մանկական ժյուրիների քվեարկության արդյունքում: Վերջնական փոփոխվել են նաեւ մրցույթի հեռարձակման ժամերը. եվրատեսիլյան երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու այն ոչ թե գիշերը, այլ երեկոյան:

Մրցույթին իրենց մասնակցությունն արդեն հաստատել են Ալբանիան, Հայաստանը, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը, Իռլանդիան, Իտալիան, Մակեդոնիան, Մալթան, Մոնտենեգրոն, Նիդերլանդները, Լեհաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան:

Հանրային հեռուստաընկերությունը մրցույթի պաշտոնական հեռարձակողն է:

*

*