«Եվրիմաժ»-ին Հայաստանի անդամակցությունը կարեւոր քայլ է կինոնարտադրության ոլորտում

«Եվրիմաժ» հիմնադրամին անդամակցելու գործընթացը Հայաստանը սկսել է դեռեւս 2006 թվականից...

Մշակութային աջակցության Եվրոպայում ամենհեղինակավոր կառույցներից մեկին՝ «Եվրիմաժ»-ին Հայաստանի անդամակցությունը կարեւոր քայլ է կինոնարտադրության ոլորտի համար. վստահեցնում են մասնագետներն:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն ասաց, որ հեղինակավոր այս կառույցին անդամակցությունն առաջիկայում կնպաստի եվրոպական մի շարք երկրների կինոարտադրողների հետ կապերի հաստատմանը:

«Եվրիմաժ» հիմնադրամին անդամակցելու գործընթացը Հայաստանը սկսել է դեռեւս 2006 թվականից, 10 տարվա բանակցությունների արդյունքում անդամակցությունն ի վերջո իրականություն դարձավ:

«Եվրիմաժ»-ի տարեկան ընդհանուր բյուջեն կազմում է 25 մլն եվրո, որը կազմվում է անդամ պետությունների տարեկան ֆինանսական ներդրումներից եւ տրամադրված վարկերի վերադարձից: Հայաստանն, անդամակցելով հիմնադրամին, վճարել է 63 մլն դրամ՝ նշում է մշակույթի նախարարի տեղակալը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի խոսքով էլ, կինոարտադրությունը խթանող «Եվրիմաժ»-ը ոչ միայն ֆինանսավորման կարեւոր աղբյուր է, այլեւ անդամ երկրների հետ համագործակցելու հնարավորություն:

«Մենք ներկայացրել ենք Հայաստանի ամբողջ կինոներուժն, արտադրած ֆիլմերը, պրոդյուսերական ընկերությունների քանակը, ֆիլմերի քանակը, որոնք ցուցադրվում են: Այսինքն շատ տվյալներ կային, որոնք անհրաժեշտ պայման էին «Եվրիմաժ»-ի անդամ դառնալու համար: Հայաստանը կարողացավ ապացուցել եւ այժմ «Եվրիմաժ»-ի անդամ է»,- ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենը:

«Եվրիմաժ»-ը հիմնադրվել է 1989 թվականին: Ներկայում ստրասբուրգյան գլխավոր կազմակերպության անդամ է 37 երկիր:

*

*