Էրեբունի հնավայրում կիրականացվեն վերականգնողական եւ շինարարական աշխատանքներ

Էրեբունի, Կարմիր բլուր ու Շենգավիթ հնավայրերն ընդգրկված են Երեւանի զբոսաշրջային զարգացման ընդհանուր ծրագրում:
gagik-gyurjyan
Լուսանկարը՝ Արմենպրեսի

Այս տարվանից ձեռնամուխ կլինեն Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի Էրեբունի հնավայրի վերականգնողական եւ շինարարական աշխատանքների իրականացմանը: Նպատակը՝  Էրեբունի-Երեւանի 2800-ամյակը հնարավորինս պատշաճ դիմավորել:

«Երեւան նախագծի» տնօրեն Սիրեկան Օհանյանն էլ նշել է, որ Էրեբունի, Կարմիր բլուր ու Շենգավիթ հնավայրերն ընդգրկված են Երեւանի զբոսաշրջային զարգացման ընդհանուր ծրագրում եւ դրանց պատմական վիճակի ճանաչողական, ցուցադրական ներկայացումը քաղաքի կամ երկրի զբոսաշրջային զարգացման հիմնական բնութագրերից է: Շենգավիթ հնավայրի վերականգնողական աշխատանքների համար հարկավոր է 2 մլն դոլարի ներդրում, Կարմիր բլուրի համար՝ 3, իսկ Էրեբունի հնավայրի համար՝ 8:

Վերականգնման աշխատանքների արդյունքում կբարելավվեն հնավայրերի տարածքը, գրադարանների, գրապահոցների, հնագիտական նմուշների վերականգնումից բացի, տարածքներում առանձահատուկ սրճարան ու հուշանվերների խանութ կլինի, նաեւ հատուկ տարածք է հատկացվելու բեմականացումներ, ցուցադրություններ կազմակերպելու համար: Էրեբունի հնավայրի վերականգնման այցելուների սպասարկման հետ կապված երկու աշխատանքային եւ յոթ էսքիզային նախագիծ կա՝ ըստ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանի:

«Ծրագիրը կազմված է, հաշվարկն արված է, ինչպես նաեւ մշակվել է էսքիզային նախագիծ, խնդիրը մնում է ներդրողների առկայությունը: Հականալի պատճառներով դեռեւս այդքան ֆինանսական հնարավորություններ չունենալու պատճառով մենք որոշել ենք մասնավորի բաղադրիչը մտցնել: Այսինքն՝ այս ներդրումային ծրագրով կունենանք համայքն-պետություն-մասնավոր համագործակցության շրջանակ: Ներդրումային ծրագիրը նաեւ դրված է Երեւանի քաղաքապետարանի կայքում, եւ մենք աշխատում ենք այս ուղղությամբ»,- նշել է «Երեւաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Սիրեկան Օհանյանը:

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*