Ռուսաստանի պատմության պետական թանգարանում բացվել է Հայաստանին նվիրված ցուցահանդես

Ցուցահանդեսին ներկայացված բացառիկ ցուցնմուշները բերվել են Հայաստանի 3 առաջատար թանգարաններից...

«Հայաստան. լինելիության լեգենդներ». այս խորագրի ներքո Ռուսաստանի Պատմության պետական թանգարանում են մեկտեղվել հայ ժողովրդի հազարամյակների պատմության վկայությունները:

Ռուսաստանի արվեստասերները հնարավորություն ունեն ծանոթանալու աշխարհում հանդիպող եզակի նմուշներին՝ բերված Մատենադարանի, Հայաստանի պատմության եւ Սուրբ Էջմիածնի թանգարաններից: 160 ցուցանմուշները ներկայացնում են հայկական հարուստ մշակույթը:

Ցուցահանդեսի առաջին այցելուներից են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն եւ նրա ռուս գործընկեր Վլադիմիր Մեդինսկին:

Ցուցահանդեսը կգործի մինչեւ հունիսի 13-ը: Բացմանը Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նախարարության ոսկե մեդալով պարգեւատրել է Ռուսաստանի պատմության թանգարանի տնօրեն Ալեքսեյ Լեւիկինին:

«Մեր երկու երկրների միջեւ, քաղաքական եւ դիվանագիտական հարաբերությունների ֆոնին, մշակութային կապերը կարեւոր դեր են խաղում»,- ասել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

«Մոսկվայի կենտրոնում վերջին անգամ 65 տարի առաջ՝ 1945 թվականին է բացվել Հայաստանի պատմությանը նվիրված ցուցահանդես: Վստահ եմ, որ բացառիկ ցուցանմուշները կհետաքրքրեն ինչպես մոսկվացիներին, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերին»,- նշել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին:

Ցուցահանդեսում ներկայացված են ուրարտական թագավորների զենքերը, նաեւ այդ շրջանի սեպագիր արձանագրություններ, աստվածների բրոնզե արձանիկներ, կերամիկական իրեր, Աֆրոդիտե աստվածուհու մարմարե արձանը՝ Հելլենիստական շրջանի կոթողներից մեկը: Ներկայացված են նաեւ ժամանակակից Հայաստանում հայտնաբերված գտածոներ` ծիսակարգային սափորներ, կենդանակերպ կավե անոթներ ու քանդակներ:

Ցուցահանդեսի առանցքում արծաթե դրվագազարդ գավաթն է՝ Քրիստոսից առաջ 22-րդ դար: 80-ականների վերջին Կոտայքի մարզի Քարաշամբ բնակավայրում իշխանական մի դամբարանի պեղումների ժամանակ գավաթը գտել էր հնագետ, քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանը: Գտածոն բացառիկ է ամբողջ աշխարհում: Գավաթին դրվագված են որսի, զոհաբերության, խնջույքի եւ այլ տեսարաններ: Նախաքրիստոնեական մշակույթի կողքին նաեւ հայ ժողովրդի քրիստոնեական շրջանն է ներկայացված՝ հնագույն ձեռագրերով, մանրանկարներով, եկեղեցական սպասքով ու խաչքարերով, նաեւ՝ Սուրբ Գեւորգի մասունքն ամփոփոխ խաչով:

Հրատարակվել է նաեւ ցուցահանդեսի պատկերագիրքը, որտեղ ներկայացված է հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը վաղնջական ժամանակներից մինչեւ մեր օրերը: Առանձին բաժնով անդրադարձ է եղել նաեւ Հայոց ցեղասպանության թեմային: Որպես խոսուն վկայություններ՝ ցուցահանդեսի այցելուներին ներկայացվել է Ցեղասպանության հետեւանքով ավերված, այրված ու թալանված հուշարձանների լուսանկարները:

*

*