Մահացել է Արմեն Թութունջյանը՝ Չիկոն

Մահվանից մի քանի ժամ առաջ Չիկոն «Երկրի մեդիա»-ում ձայնագրում էր իր հաղորդումը՝ «Ջազի ժամը»:
chiko

73 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայկական ջազի ակունքներում կանգնած սիրված երաժիշտ Արմեն Թութունջյանը, ում երաժշտասերները ճանաչում էին որպես Չիկո: Ինքն էլ սիրում էր, որ իրեն այդպես են անվանում:

Այսօր էլ մեր հեռուստաընկերության շատ աշխատակիցներ նույն դիմելաձով էին բարեւել նրան` անկախ տարիքային տարբերությունից։

Չիկոն մի քանի ժամ առաջ նկարահանել է իր հեղինակային «Ջազի ժամը» հաղորդումը, որը պետք է եթեր հեռարձակվեր շաբաթ օրը մեր երեկոյան եթերում։ Բայց մի քանի ժամ անց, թենիսի մարզադաշտում, հանկարծամահ է եղել։

Արմեն Գրիգորի Թութունջյանը ծնվել է 1944 թ. հունվարի 28-ին Երեւանում: Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ էր, Երեւանի պետական կոնսերվատորիայի դոցենտ։ Նա համարվում է հարվածային գործիքներ նվագելու ակադեմիական ուսուցանման հիմնադիրը Հայաստանում։

1986-1992 թվականներին նվագել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում: 1994 թվականին Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի «Open competition» մրցույթի ժամանակ ճանաչվել է հաղթող: 1992-ին մի խումբ երիտասարդ երաժիշտների հետ ստեղծել է «Չիկոն եւ ընկերները» խումբը, որտեղ նվագել են հանրապետության մի շարք հայտնի ջազային երաժիշտներ։ Խումբը գործում է առ այսօր:

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության աշխատակազմը ցավակցում է Արմեն Թութունջյանի հարազատներին ու մերձավորներին, կիսում կորստյան ծանր վիշտը:

*

*