Համազգային թատրոնի գեղարվեստական նոր ղեկավարը Վիգեն Չալդրանյանն է

Թատրոնի կոլեկտիվի այս որոշումը համաձայնեցված էր մշակույթի նախարարության հետ և մեծ ոգևորություն էր առաջացրել։
chaldranyan

«Համազգայինի համար այսօր պատմական օր է, որովհետև մեր թատրոնի հիմնադիր, բոլորիս ուսուցիչ Սոս Սարգսյանից հետո ինչ-որ ժամանակ անհնար էր թվում գեղարվեստական այլ ղեկավար ունենալը: Վարպետի էներգիան, ազդեցությունը չափազանց շատ էր: Այդուհանդերձ, ժամանակն ունի իր հրամայականը և, գուցե որոշ ուշացումով, բայց կարողացանք գտնել այն ճիշտ մարդուն, որն իրապես արժանի է Սոս Սարգսյանից հետո ստանձնել Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի ծանր բեռը: Բոլորիս անունից շնորհավորելով Վիգեն Չալդրանյանին, ուզում եմ ասել, որ սպասելիքները շատ մեծ են»,- Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի գեղարվեստական նոր ղեկավարին ներկայացնելիս` ասաց թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։

«Թատրոնի կոլեկտիվի այս որոշումը համաձայնեցված էր մշակույթի նախարարության հետ և մեծ ոգևորություն էր առաջացրել, որովհետև գնահատելով և հարգելով մեր մեծ վարպետի՝ Սոս Սարգսյանի հիշատակը, մենք ուզում ենք թատրոնին տալ նոր շնչառություն, նոր խաղացանկով այն դուրս բերել միջազգային ասպարեզ: Համոզված եմ, որ իր անցած ճանապարհով, փորձով և մասնագիտական վարպետությամբ Վիգեն Չալդրանյանը մեծ օգուտ կբերի Համազգային թատրոնին»,- ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

ՄՆ-ի փոխանցմամբ, ինքը՝ Համազգայինի նոր գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանը, խոստումների հարցում խիստ սակավախոս էր.

«Շատ, շատ մեծ է պատասխանատվությունը, որովհետև 25 տարի մեկ անուն է այստեղ եղել՝ Սոս Սարգսյան: Ես պաշտոն չեմ ստանձնել, ես ստանձնել եմ առաքելություն: Թող Վարպետի հոգին դառնա պահապան հրեշտակ և ուղեկցի մեզ այս առաքելությանը»,- ասաց Չալդրանյանն՝ իր ամենամեծ երախտագիտությունը հայտնելով Վարպետին, «որի «ձեռամբ» 25 տարի տարի առաջ ստեղծվեց Համազգային թատրոնը:

«Մի անգամ հարցրի՝ Սո՛ս Արտաշեսովիչ, դաշնակցության կողմից դուք առաջադրվել էիք նախագահի թեկնածու: Ասե՛ք անկեղծորեն՝ ի՞նչ կլիներ, եթե դուք դառնայիք նախագահ: Լռելուց հետո մի բան ասաց միայն՝ Վիգե՛ն ջան, ես չգիտեմ՝ ինչ կլիներ, բայց իմ օրոք երկիրը բարոյական կլիներ… Ինքը ստեղծեց մի փոքր երկիր՝ երկրի մեջ, և 25 տարի այս բեմից քարոզում էր այդ բարոյականությունը: Հավանաբար, մենք պիտի իբրև ժառանգություն վերցնենք հենց այդ բարոյականությունը»,-ասաց Չալդրանյանը:

*

*