Ներկայացվեց հեղինակային երգի 3-րդ հավաքածուն (Լուսանկարներ)

Դեկտեմբերի 22-ը նշվում է որպես Բարդերի միջազգային օր (Երգահանների միջազգային օր) եւ մեր բարդերն այդ օրը նշանավորեցին նոր գրքի շնորհանդեսով։

Լույս է տեսել հեղինակային երգի 3-րդ հավաքածուն։ Դեկտեմբերի 22-ը նշվում է որպես Բարդերի միջազգային օր (Երգահանների միջազգային օր), եւ մեր բարդերն այդ օրը նշանավորեցին նոր գրքի շնորհանդեսով։

Այն ներառում է բարդ ժանրի 41 կատարողների շուրջ 130 ստեղծագործություններ, նրանց թվում կան հանրությանը շատ հայտնի դեմքեր, ինչպես նաեւ նորելուկներ, որոնք իրենց դրսեւորել են հեղինակային երգի արդեն ավանդական դարձող այս տարվա փառատոնում։ Գիրքն ունի նաեւ սկավառակի տեսքով ներդիր, ինչպես նաեւ մի բաժին, որտեղ ներկայացված են ակորդներ՝ ինքնուսույցի տրամաբանությամբ, որը կօգնի կիթառի սիրահարներին սովորել նվագել:

«Ներառված են 5 սերունդների ստեղծագործություններ ու նաև 2 տարվա փառատոնների մասնակիցների, այսինքն սկսնակների գործերը, որը քաջալերող քայլ կլինի նրանց համար»,- ասաց նախագծի հեղինակ ու պրոդյուսեր Վախթանգ Հարությունյանը:

Հարությունյանը վստահ է, որ այն լուրջ խթան կհանդիսանա երիտասարդ սերնդի մեջ այս ժանրն առավել սիրելի դարձնելու և նախընտրելի երգերն ինքնուսույցի միջոցով հեշտությամբ սովորել — յուրացնելու համար:

Երեւանյան ակումբներից մեկում՝ The Club-ում ուրբաթօրյա ավանդական այս տարվա ամփոփիչ համերգը սկսվեց հեղինակային հայտնի եւ սիրված երգիչ Ռուբեն Հախվերդյանի կատարումներով, որին հաջորդեցին «Բարդերի ակումբի» մյուս ներկայացուցիչների ելույթները։

Ակումբային հավաքույթները կշարունակվեն նաեւ հաջորդ տարի, իսկ մինչ այդ հեղինակային երգի սիրահարները 3-րդ հավաքածուն կարող են ձեռք բերել քաղաքի գրախանութներում։  Գրքի օրինակներ կտրամադրվեն նաեւ հանրապետության երաժշտական դպրոցներին։

Ի դեպ, այս հավաքածուի լույսընծայմանը մեծապես աջակցել է ՀՀ մշակույթի նախարարությունը։

*

*