Այսօր ավագ երեքշաբթի է. եկեղեցիներում ընթերցվում է տասը կույսերի առակը

Տասը կույսերը խորհրդանշում են մարդկությունը
avag-yereqshabti

Այսօր ավագ երեքշաբթի է, եւ Ավագ շաբաթվա ծիսակարգի համաձայն՝ եկեղեցիներում ընթերցվում է տասը կույսերի առակը: Տասը կույսերը խորհրդանշում են մարդկությունը, իսկ առակը Քրիստոսի երկրորդ գալստյան խորհուրդն ունի: Հիսուսն այս առակը պատմում է իր խաչելությունից մի քանի օր առաջ:

Տասը կույսերի առակը խորհրդանշաբար ներկայացնում է Հիսուսի երկրորդ գալստյան որոշ հանգամանքներ: Դրանով հավատավոր ժողովրդին Տիրոջ երկրորդ գալուստին սպասելու հրահանգն է տրվում: Հիսուսը պատմում է վառած լապտերներով փեսային եւ հարսին սպասող տասը կույսերի մասին: Նրանցից հինգը, որ նաեւ հավելյալ ձեթ ունեն, համարվում են իմաստուն կույսեր, ձեթ չունեցողները հիմար կույսերն են: Փեսան ուշանում է, հիմար կույսերի լապտերները հանգչում են: Ու մինչ նրանք գնում են ձեթի հետեւից, գալիս է փեսան: Հիմար կույսերը վերադառնում են ու դուռը փակ տեսնում: Խնդրում են՝ «Տե՛ր, բաց արա», բայց նա պատասխանում է.

«Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում»:

Առակում պահեստի ձեթը հավատքի, համբերության ու անսահման հույսի խորհուրդն ունի: Տիրոջ գալու օրն ու ժամը ոչ ոք չգիտի, եւ ավագ երեքշաբթին հիշեցնում է, որ Հիսուսի երկրորդ գալստյան սպասումը պիտի լինի ամբողջ կյանքի ընթացքում: Հորդորում է սպասել՝ առանց հոգնելու, հիասթափվելու, հոգեւոր ձեթով՝ առաքինություններով կյանքը հարստացնելով:

 

Պատրաստեց՝

Մարիամ Բարսեղյանը

*

*